«ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ «ԵՐԿՈՒՍ» ԵՄ ՆՇԱՆԱԿԵԼ»
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների գործով դատավարությունը: Այսօր ևս դատարանն ուսումնասիրեց գործում եղած գրավոր ապացույցները: Այսօրվա դատական նիստն ավարտվեց քրեական գործի 2-րդ հատորի, 14-րդ էջի ուսումնասիրությամբ: Դատական հաջորդ նիստը նշանակված է երկուշաբթի ժամը 12-ին:
Այսօր աշխատեցին նաև երեկվանից գործում ընդգրկված թարգմանիչները:
«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների դատապաշտպան Աշոտ Սարգսյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք առավել ուշադրություն կհրավիրեն միայն արտառոց դեպքերի վրա, երբ միանշանակ փաստաթղթերը` հաշիվ-ապրանքագրերը գնահատում են կեղծ և շինծու, այն փաստաթղթերը, որոնցում համոզված են, որ ՖԻԳ ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանը ներկայացրել է կեղծ տվյալներ, իսկ մնացածի դեպքում, պարզապես, հանդես կգան հայտարարություններով:
Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ զարմացած է դատարանի վճռականության վրա. «խղճիս չեմ կարող դեմ գնալ, ես տեսնում եմ, որ դատարանը նորմալ և մանրամասն հետազոտում է ապացույցները, որը միանշանակ մեր օգտին է»:
Իսկ ինչ վերաբերում է մեղադրող դատախազներին, Աշոտ Սարգսյանը նրանց «2» է նշանակում` գործի նյութերին ծանոթ լինելու համար: