ՔԱՀԱՆԱ. «ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ ՉԿԱ»
«Հանրապետությունում այլադավան կրոնական կազմակերպությունների մասին օրենքներ կան, սակայն լավ կանոնակարգված չեն, որն էլ կարող է ընտանիքի քայքայման ու անհատի հոգեկան աշխարհի խարխլման պատճառ հանդիսանալ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և ավելացրեց, որ մեր երկրում աղանդավորների գործունեությունը կարգավորող օրենք չկա:
Ըստ քահանայի, եվրոպական երկրներում` մասնավորապես Ֆրանսիայում 5 տարով ազատազրկում են աղանդավորական կազմակերպությունների այն անդամներին, ովքեր հոգեկան կախվածության մեջ են գցում իրենց հետևորդներին: «Եթե մենք փորձագիտական կենտրոններ չունենք և չենք որակել, թե նրանցից որոնք են վտանգավոր կամ ոչ վտանգավոր, ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա ենք գրանցում այդ կազմակերպություններին»,-մտահոգվեց Տեր Հակոբ քահանան:
Նրա խոսքով, վտանգված է հատկապես երիտասարդությունը, քանի որ այդպիսի կազմակերպությունների թիրախ են հանդիսանում երիտասարդները. «Եվրոպական երկրները եկել են այն եզրակացության, որ դրանք կոնֆլիկտներ են առաջացնում շրջապատի ու ընտանիքի հետ` գայթակղելով հոգու փրկության գաղափարներով»,-ասաց նա:
Իսկ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով. «Ճիշտ է, որ հանրապետության երեխաների մասին օրենքով նրանց կրոնական ընտրությունը կարող է ծնողների կողմից կարգավորվել, և ես չեմ կարծում, որ մենք որևէ օրենքով չենք կարող արգելել ծնողին` իր երեխային դաստիարակել իր կրոնական հայացքներով»,-ասաց Հ. Խառատյանը:
Նշենք, որ երկու հյուրերն էլ հավաստեցին, որ կրոնական տարաձայնությունների դեպքում ընտանիքներում լինում են տարաձայնություններ ու բաժանություններ: Սակայն դրանցից խուսափելու համար կոնկրետ առաջարկներ ասուլիսի ժամանակ չհնչեցին: