ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ. ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹԱՏՐՈՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Թատերական գործիչների միության կողմից անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 20մլն 300 հազար դրամ, որը, սակայն, նախնական թիվն է: Շատերը զանգում, հարցնում են մեր հաշվեհամարը, ու ցանկանում գումար ուղարկել, շատերն էլ նոր–նոր են իմացել այդ ծրագրի մասին»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատերական գործիչների միության ստեղծագործական գծով քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը: Ինչպես նշեց նա, այդ գումարը լիովին բավարար է իրենց ծրագրերն իրականացնելու համար: «Մեկ տարվա ընթացքում մշակույթի նախարարության կողմից բոլոր թատրոններին ընդամենն այդքան գումար է հատկացվում»,-ասաց նա:
Այսօր թատերական գործիչների միությունում վերականգման աշխատաքներ են ընթանում, ու հավաքված գումարը գրեթե ամբողջությամբ ծախսվելու է շենքի վերևի հարկում ժամանակակից պահանջներին համահունչ բեմահարթակ կառուցելու համար: «Մի փոքր մաս հատկացվելու է սոցիալական խնդիրներ ունեցող աշխատողների վիճակը չնչին չափով բարելավելուն»,-ասաց Ս. Մելոյանը:
Բեմահարթակի բացումը նախատեսված է 2008թ. մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը: «Բեմահարթակը գործելու է ազատ բեմի սկզբունքով: Այսինքն, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, ով ընտրելու է ներկայացրած լավագույն աշխատանքները, հատկացնելու է անհրաժեշտ գումար` ներկայացումը բեմադրելու համար»,-նշեց Ս. Մելոյանը: Նրա խոսքով, թատերական միությունում ստեղծվել է «Թատրոն» հիմնադրամ, որն օժանդակելու է թատերական արվեստի զարգացմանը:
Հիշեցնենք, որ համերգ-հեռուստամարաթոնը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, որի ընթացքում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմից ելույթ են ունեցել թատրոնի դերասանները, այն ուղիղ եթերով հեռարձակվել է հանրային 2-րդ հեռուստաալիքով:
Թատերական աշխարհի ներկայացուցիչներն այս հեռուստամարաթոնի մասին տարբեր, նույնիսկ իրար հակասող կարծիքներ ունեն: Հրանտ Թոխատյանի համոզմամբ, միջոցառումը հայ թատրոնի համար խայտառակություն էր: «Եթե թատրոններն իրենց հասույթները գումարեին, այդ ծրագիրը կարող էին իրականացնել»,-ասաց նա: Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանի խոսքով, դա էլ գումար վաստակելու ու ծրագրեր իրականացնելու միջոց է: