«ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԵԿ ՄՈՒՐԱՑԻԿ ԵՐԵԽԱ`ԲՈԼՈՐՍ ԷԼ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՆՔ»
«Ցավ ու կորցրած հավատ»,- մեզ հետ զրույցում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ կանանցից մեկն ասաց, որ սա է ցանկացել պատկերել նկարին: «Դա այն է, ինչ ես այժմ զգում եմ»,- ասաց այսօրվա ցուցահանդեսի մասնակիցներից մեկը: Միջոցառումը կազմակերպել էր «ՏՐՏՈՒ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որն արդեն մի քանի տարի է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացնում է «Փյունիկ» մշակութային ծրագիրը: ՀԿ-ան ներկայացուցիչների նպատակը անազատության մեջ գտնվող կանանց և երեխաներին մշակութային կյանքի մեջ պահելու և նրանց հասարակության լիարժեք մասնակիցը դարձնելն է:
Ինչպես նշեց կազմակերպության ղեկավար, մանկավարժ Թեմիկ Խալափյանը դատապարտյալների գեղարվեստական ստեղծագործություններն արդեն ցուցադրվել են նաև արտերկրում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այսօրվա թվով 6-րդ ցուցահանդեսում ներկայացված էր 100 փայտե աշխատանք, 40 գեղանկարչական, խեցեգործություններ, ընդհանուր հաշվով 150 աշխատանք: Ստեղծման պահից մինչ օրս մշակութային այս ծրագրին մասնակցել է դատապարտված 350 անչափահաս և 50-60 կին:
«Միջոցառումը պատական չի կազմակերպվել Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրը»,- ասաց Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը: Ըստ նրա, սա նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի, ինչպես իրեն է հատուկ, մշակութային կյանքը: Տնօրենի խոսքով, պետք է անել ամեն ինչ, որ հատկապես, երեխաները շարունակեն ստեղծագործել, լինեն նրանք ազատության, թե անազատության մեջ: «Եթե երկրում կա մեկ մուրացիկ երեխա, ուրեմն բոլորս էլ մուրացկան ենք»,-նշեց թանգարանի տնօրենը, ցանկության հայտնելով, որ կալանավայրերը տեսնել դատարկ վիճակում:
Ցուցահանդեսի մասնակից անչափաս դատապարտյալներից մեկը, ով արդեն 2 տարի է անազատության մեջ է, մեզ հետ զրույցում ասաց, որ ստեղծագործելով և’ ժամանակն է հետաքրքիր անցկացնում և' մասնագիտություն է ձեռք բերում, բայց ամենակարևորը փորձում է մտքերը «ցրել»: Նա վստահեցրեց, որ ազատության մեջ անպայման շարունակելու է գործը:
Միջոցառմանը ներկա ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն էլ ասաց, որ «դատապարտվածները որպես կանոն արժանանում են հասարակության պարսավանքին, իսկ սա լավ առիթ է նրանց դրվատանքի արժանացնելու»: Նախարարը նաև լավ միջոց է համարում վերանայելու, փոխելու դատապարտյալների հոգեբանությունը և նրանց ազատության պատրաստելու: «Հասարակական կազմակերպության աջակցությամբ հասել ենք նրան, որ մարդիկ, որոնք հանցագործության հակում են ունեցել, այսօր իրենց մեջ դրական հատկանիշ են ցուցաբերել և ստեղծել արվեստի գործ: Սա ոչ միայն հետագայում նրանց նյութական խնդիրներ լուծելու հնարավորություն է, այլ բարոյական այլ արժեքներ ձեռք բերելու»,-նշեց արդարադատության նախարարը: Բացի այդ, նախարարի խոսքով, դատապարտյալները շատ լավ հասկանում են, որ սա հնարավոր է դարձել ազատության մեջ գտնվող մարդկանց շնորհիվ, այսինքն` մարդիկ ոչ թե իրենց քննադատում են, այլ կա նկատելի դրական վերաբերմունք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են