ՎՏԲ-Ն ՏՐԱՄԱԴՐԵՑ ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ
Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «ՎՏԲ բանկ» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Անդրեյ Կոստինին, ով Հայաստանում է գտնվում «ՎՏԲ բանկ» և «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Ստորագրման արարողությունից հետո կառավարությունում կայացավ ՎՏԲ բանկի տնօրենի և ԿԲ տնօերենի համատեղ ասուլիսը:
Ըստ փաստաթղթի, Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով ՎՏԲ-ն ընկերությանը կտարմադրի 257 մլն դոլար 12 տարի մարման ժամկետով: ԿԲ տնօրենը նշեց, որ սա նման բնույթի ամենախոշոր ծրագիրն է: Ըստ համաձայնագրի, նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական խորհրդատվության և բանկային սպասարկման աշխատանքները կիրականացվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից:
Մինչ փաստաթղթի ստորագրումը, Անդրեյ Կոստինի հետ վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են բանկային ու ֆինանսական ոլորտներում մեր երկրի հետ բանկի համագործակցությանը, Հայաստանում օտարերկրյա խոշոր ներդրումների իրականացման ու գործարար միջավայրի համար առավել նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել, մասնավորապես, «ՎՏԲ բանկ» ընկերության հետ մեր երկրի համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների կապակցությամբ: Այդ համատեքստում, վարչապետ Ս. Սարգսյանը կարևորել է նաև «ՎՏԲ բանկի» և «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության միջև ստորագրվելիք համաձայնագրի նշանակությունը, որը, ըստ նրա, կողմերի միջև նպատակուղղված աշխատանքի արդյունք է և «ՎՏԲ բանկի» հետ մեր երկրի փոխշահավետ գործակցության կարևոր բաղադրիչներից մեկը:
Առանձնազրույցից հետո «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինը և «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը ՀՀ կառավարությունում` ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ-ի նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ, ստորագրել են երկու ընկերությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր:
Նշենք, որ ՎՏԲ-ն Հայաստանում իր կապիտալը հասցրել է 52 մլն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան