«ԱՐԵՎԻԿ»-Ն ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐՈՎ ԶԻՋԵՑ ԲԵԼՈՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Մանկական «Եվրոտեսիլ-2007» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրեց երկրորդ տեղը: Խումբը քվեարկության գրեթե ողջ ընթացքում առաջատարն էր, միայն վերջին պահին 8 միավորով զիջում էր Բելոռուսին: Այս երկրից «Արևիկ»-ը ստացավ յոթ միավոր և ընդամենը մեկ միավորի տարբերությամբ` 136 միավորով զիջեց առաջատարի իր դիրքերը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Բելոռուսի 11-ամյա ներկայացուցիչ Ալեքսեյ Ժիգալկովիչը: Երրորդ տեղում 120 միավորով Սերբիայի ներկայացուցիչն էր:
Հայաստանի ներկայացուցիչները առավելագույն` 12 միավոր ստացան Վրաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից ու Ուկրաինայից: Հայաստանն իր առավելագույն 12 միավորը տվեց հօգուտ Վրաստանի:
Հիշեցնենք, որ «Արևիկը»-ը մրցույթում հանդես եկավ երրորդը` «Երազանք» երգով: Այն մրցույթին մասնակցում էր առաջին անգամ: Մանկական «Եվրոտեսիլ-2008»-ն այս տարի անցկացվեց դեկտեմբերի 8-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթին մասնակցում էին 17 երկրի ներկայացուցիչներ: Նրանցից յուրաքանչյուրի կատարած երգի տևողությունը չպետք է գերազանցեր 2 րոպե 45 վայրկյանը:
Նշենք, որ 2008-ին մրցույթը կանցկացվի Կիպրոսում: