ԱՄԱՆՈՐՅԱ ՖԼՈՐԻՍՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ` «ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻ ԹԱԳՈՒՀԻ»
«Բոլոր հնարավոր ու անհնարին իրեր օգտագործելով, ի վերջո, ստացանք այս յուրօրինակ ցուցահանդեսը: Օգտագործել ենք այն, ինչ ունեինք ձեռքներիս տակ: Օրինակ, զուգարանակոնքը մեզ մոտ դարձավ «պարահանդեսի թագուհի»»,-Panorana.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց ամանորյա ֆլորիստական բիզնես-ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Նարեկ Մելքումյանը: Ցուցահանդես-վաճառքն անցկացվում է «Մոսկվայի Տանը»: Ն. Մելքումյանի խոսքով, ամանորյա ցուցահանդես կազմակերպելու միտքն առաջացել է Նաիրա Մանուկյանի մոտ, սակայն կազմակերպչական հարցերով զբաղվել են միասին:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված են ոչ ավանդական` յուրահատուկ տոնածառեր, օղեր, կոմպոզիցիաներ ու զարդարանքներ խանութների, բուտիկների, ցուցափեղկերի, հյուրանոցների, բանկերի և տան համար: «Նպատակ կար նախատոնական օրերին ստեղծել տոնական տրամադրություն: Կոմպոզիցիաները ստեղծել ենք ոչ ավանդական ձևով, թղթից, պենոպլաստից, ապակուց ու այլ նյութերից, օրինակ` սիրամահավք հիշեցնող այս տոնածառը շատ հետաքրքիր է»,-նշեց ֆլորիստ Նաիրա Մանուկյանը: Ցուցահանդեսը լավ ընդունելության է արժանացել: Ն. Մանուկյանի խոսքով, կոմպոզիցիաների գունային լուծումները «ստիպել են» ցուցահանդեսի այցելուներին անտարբեր չանցնել դրանց կողքով: Ֆլորիստները հիմնականում օգտագործել են մկան տարվան բնորոշ գույներ` մոխրագույնի տարբեր երանգներ, սև, սպիտակ, սակայն ձերծ չեն մնացել տոնական տրամադրություն առաջացնող վառ գույներից` մասնավորապես նարնջագույնից ու կարմրից:
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված են 1000-ից մինչև 65 հազար դրամ արժողությամբ տարբեր կոմպոզիցիաներ: Panorama.am-ն այս հեքիաթային միջոցառման տեղեկատվական հովանավորն է: Ցուցահանդեսը մեկնարկել է երեկ և կշարունակվի մինչև այսօրվա ժամը 20:00-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան