ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՑ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կսկսվեն ձմեռային արձակուրդները։ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանն արդեն հաստատել է օրինակելի ուսումնական պլանները: Ըստ դրա, 2007-2008 ուսումնական տարում արձակուրդները կազմակերպվում են հետևյալ ժամանակացույցով. 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային` դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ, գարնանային` մարտի 17-23-ը ներառյալ։
Ինչպես տեղեկացանք ԿԳ հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 11-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 10-ից 23-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, մարտի 10-ից 23-ը ներառյալ:
Նշենք, որ ըստ հրամանի, դպրոցը կարող է ինքնուրույն սահմանել արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով նախարարության հետ: Հիմնականում ջեռուցման կազմակերպման խնդիրների հետ կապված՝ դպրոցների մեծ մասում աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները միացվում են։ Դրանով էլ պայմանավորված՝ դեկտեմբերի 24-ին սկսվող արձակուրդները տարբեր մարզերում կավարտվեն հունվարի 13-ին կամ 21-ին։