ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ. ՏՄՊՊՀ-Ն ՎԱՂԸ ԿՈՐՈՇԻ
Վաղը տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանից, նիստի ընթացքում կքննարկվեն կարագի և բուսական յուղի շուկաներում հակամրցակցային համաձայնությունների համար տուգանված մի շարք ընկերությունների կողմից ներկայացված վարչական բողոքները:
Բողոք ներկայացրած ընկերություններից մի քանիսը միջնորդություն են ներկայացրել` խնդրելով իրենց հարցը քննարկել դռնփակ նիստում, քանի որ պատրաստվում են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ներկայացնել: Հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը: Մնացածի բողոքները կքննարկվեն դռնբաց նիստում: Նիստում կքննարկվեն նաև մարդատար ավտոմեքենաների, գազի ջեռուցման կաթսաների շուկաների ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև մի քանի դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթները:
Նախատեսվում է, որ վաղվա նիստում հանձնաժողովը լայն սպառման ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտներին իրենց կողմից կիրառվող գների վերանայման` չհիմնավորված բարձրացումը կամ պահպանումը վերացնելու մասին նախազգուշացման մասին որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի նիստում հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ տնտեսվարող սուբյեկտները կարագի և ձեթի գները բարձրացրել են` հակամրցակցային համաձայնության արդյունքում: Որոշման համաձայն, օրինախախտ ընկերությունները պետք է 2006թ. բուսական յուղից ստացած ողջ հասույթի 2%- ի չափով տուգանք վճարեն: Ահա հենց այս որոշումն էլ բողոքարկել են որոշ տնտեսվարողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան