ՎԵՆԵՏԻԿՈՒՄ` ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Իտալիայում «Հայկական մշակույթի օրերի» շրջանակներում Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի Palazzo Zenobio սրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի գործերի ցուցահանդեսը: «Այնտեղ ներկայացվում են արվեստագետի շուրջ 30 աշխատանքներ, այդ թվում կոլաժներ և ձևավորված տիկնիկներ, նկարներ, գլխարկներ, էսքիզներ։ Կոլաժների մեջ ներկայացվում են Փարաջանովի այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Վենետիկի կործանումը» և «Արտասվող Ջոկոնդան»»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարաջանովի տուն-թանգարանի գիտաշխատող Լաուրա Հարությունյանը:
Ինչպես նշեց Լ. Հարությունյանը, Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը Վենետիկում կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, իսկ դրանից հետո նույն ցուցահանդեսը կներկայացվի նաև Հռոմում, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը: Նշենք, որ Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում Փարաջանովի գործերի ցուցադրությունը մեկնարկել է դեկտեմբերի 9-ին:
Վենետիկում միևնույն ժամանակ ցուցադրվել է վերջերս Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի Տոնինիո Գուերային նվիրված ֆիլմը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Տոնինիո Գուերան կրիկն անգամ իր սերն է արտահայտել դեպի հայ ժողովուրդն ու հայ արվեստը:
Նշենք, որ օրերի անցկացման կապակցությամբ Իտալիայում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես նշեց մշակույթի նախարարարության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը, Իտալիա կատարած այցի ժամանակ նախարարը պետական մարմինների հետ քննարկելու է մշակույթի ոլորտում համագործակցության կարճաժամկետ ծրագիր ստորագրելու հարցը: Հ. Պողոսյանն Իտալիայի մշակույթի նախարարի հետ համաձայնության է եկել Վենետիկում բացել հայկական մշակույթի կենտրոն:
Հիշեցնենք, որ Իտալիայում «հայկական մշակույթի օրերը» մեկնարկել է նոյեմբերին և կշարունակվի մինչև 2008թ. մայիս:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են