ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող հիմնական ոլորտներից մեկը համարվող գիտությունը, գիտահետազոտական գործունեությունը, մեր երկրում դեռևս չի համապատասխանեցվել արդի շուկայական պայմաններին: Նախօրեին Բրյուսելում ԵՄ Գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ հանդիպմանը ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա կարևորել է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնմանը զուգահեռ, նաև ոլորտային պատասխանատուների և հատկապես Եվրոպական հանձնաժողովի այն հանձնակատարի հետ անմիջական կապերի հաստատումը, որոնց պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերը Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի առաջնայնություններից են:
Ներկայացնելով վերջին տարիներին գիտության կազմակերպման ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Ս. Սարգսյանը կարևորել է այդ գործընթացում Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը`խորհրդատվության, սեմինարների, փորձագետների փոխանակման միջոցով: Նա կարևորել է գիտության և հետազոտության ոլորտում ԵՄ-ի առկա ծրագրերը ևս, որոնց մասնակից է նաև Հայաստանը` ընդգծելով, մասնավորապես, շրջանակային ծրագրերն ու «Մարի Կյուրի» ծրագիրը: Միաժամանակ, նշելով, որ հիշյալ ծրագրերով նախատեսված ֆոնդերը` բարձր մրցակցության հետևանքով, երբեմն հավասարաչափ չեն բաշխվում, նա առաջարկել է որոշակի պարզեցված կարգ կամ քվոտա սահանել Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների համար: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է նաև ԵՄ-ի հետ տարածաշրջանային կազմակերպություններում գիտական համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կտրվածքով:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Եվրոպական հետազոտական գոտուն Հայաստանի ինտեգրման համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց մեխանիզմները:
Նշելով, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր ներուժի` գիտահետազոտական կենտրոնների, ինստիտուտների միջոցով, կարող է լուրջ ներդրում ունենալ համագործակցության հետագա ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման գործում, Ս. Սարգսյանը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնք սկզբնական փուլում հնարավորություն կընձեռեն առկա ներուժն առավել պարզեցված ձևով ներգրավելու ԵՄ-Հայաստան գործակցության ոլորտ: Այդ տեսակետից, նա առաջարկել է համաֆինանսավորման սկզբունքով, հայկական հետազոտական ինստիտուտների բազայի վրա, բարձրագույն գիտական կենտրոնների կամ ազգային լաբորատորիաների ստեղծումը, որոնք հետազոտություններ կիրականացնեն սահմանված գիտական գերակայությունների շրջանակներում և որոնցում հայաստանյան ինստիտուտները կկարողանան արդունավետ համագործակցություն ծավալել եվրոպական ռաջատար ինստիտուտների հետ:
Յանես Պոտոչնիկի հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, ինչպես նաև Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ ևս: Ս. Սագսյանը հարցազրույց է տվել նաև «Լա Ստամպա» թերթին:
Նշենք, որ այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնեի Ստրասբուրգ, որտեղ Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուժ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: