ԿՈՐԵԼ Է ՌՈՒՍՍՈՅԻ ՈՒՂԵԲԵՌԸ
Դեկտեմբերի 12-ին և 13-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսոյի մենահամերգը, որի առթիվ նա այսօր հանդիպեց լրագրողների հետ: «Ծրագրում լինելու են նոր երգեր, ինչպես նաև կատարելու եմ հին երգեր, որոնց շնորհիվ մարդիկ սկսել են ինձ ճանաչել, գնահատել իմ արվեստը»,-ասաց Ա. Ռուսսոն: Նրա խոսքով, ինքը պարտավոր է կատարել այդ երգերը:
Լրագրողներից շատերին հետաքրքրում էր, թե Մոսկվայում երգչի հետ կապված հայտնի դեպքերից հետո ինչպես է դասավորվել երգչի կյանքը: «Եթե դու ունես հազարավոր երկրպագուներ՝ դա շատ լավ է, իսկ 2-3 թշնամի ունենալու դեպքում պետք է զգուշանաս: Այժմ ես ապրում են Նյու-Յորքում: Այդ դեպքերից հետո ես կարողացա իմ մեջ ուժ գտնել և ոտքի կանգնել: Ես Աստծո շնորհիվ կենդանի մնացի, ու հիմա սկսել եմ ավելի շատ աղոթել»,-անկեղծացավ երգիչը:
Հիշեցնենք, որ երգչի անհաջողությունների սկիզբը դրվեց 2004-ին, երբ նրան հենց իր տան մոտ այնքան էին ծեծել, որ Ռուսսոն հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի ցնցումներով և կոտրված քթով: Այնուհետ 2005-ին, իր հարսանիքի օրը զանգել են երգչին, և հայտնել, թե այդ ռեստորանի տարածքում ական է տեղադրված: Իսկ ամենասարսափելին տեղի ունեցավ 2006-ի օգոստոսի 19-ին, երբ երգչին կրկին իր տան մոտ կրակել էին Կալաշնիկով տիպի ավտոմատից և վիրավորել ձախ ոտքը:
Այսօրվա ասուլիսում երգիչն անդրադարձավ նաև ռուսական և ամերիկյան շուո բիզնեսում տիրող իրավիճակին՝ նշելով, որ ռուսական շուո բիզնեսում շատ դժվար է հաջողության հասնել, այնտեղ ամեն-ինչ կապված է գումարների հետ: «Ռուսաստանում շուո բիզնեսը գտնվում է բիզնեսմենների ձեռքում, այլ ոչ ստեղծագործողների, իսկ Ամերիկայում կան կազմակերպություններ, ովքեր ձայնային տվյալներ ունեցողներին հնարավորություն են տալիս աշխատել և ստեղծագործել»,-ասաց նա: Ինչպես նշեց նա, Նյու-Յորքում, Կանադայում ու Իսրայելում հաճախ է մենահամարգներ ունենու,: «Իսկ Մոսկվայում չեմ ուզում»,-ասաց Ա. Ռուսսոն:
Ի դեպ, հաջորդ անհաջողությունը երգչին վրա է հասել Հայաստան գալիս. իջնելով օդանավակայան, նա պարզել է, որ իր ուղեբեռը կորել է: Հիմա նա չունի ոչ հագուստ, ոչ էլ հարդարման միջոցներ: