ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են համամարդկային արժեք ունեցող հուշարձանները: Եթե տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկի մեջ ընդգրկում էր կոնկրետ օբյեկտներ, ապա այժմ` լանդշաֆտներ, միջավայր, այսինքն` չի անդրադառնում մեկ հուշարձանի»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:
Ինչպես նշեց նա, տարիներ առաջ իրենք ներկայացրել են Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը, սակայն հայտը երկու անգամ մերժվել է: «Եթե պետք է որևէ նոր հուշարձան ընդգրկել ցուցակի մեջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուղարկում է իր մասնագետներին` ուսումնասիրելու տվյալ հուշարձանի վիճակը: Առաջին անգամ փաստաթղթային թերություններ հայտնաբերեցին: Ուղղելուց հետո կրկին ներկայացրեցինք: Այդ անգամ մի շարք տեխնիկական խնդիրներ կային, որոնք կապված էին տարածքի զարգացման հետ»,-մանրամասնեց Գ. Գյուրջյանը: Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ընդգրկման հարցն երրորդ անգամ քննարկվելու է 2008թ.:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվող ցանկացած հուշարձան պետք է պահպանած լինի իր նախնական տեսքը` չպետք է այդ տարածքում նոր շինություններ կառուցված լինեն: Ինչպես գիտենք, Նորավանքի եկեղեցու կողքին կառուցված է ռեստորան:
Գնիշիկաձորի լանդշաֆտն ընդգրկում է 500 հա տարածք, որի մեջ մտնում են մի քանի հուշարձաններ: Պատմամշակութային հուշարձաններից նշանավոր են Նորավանքի վանական համալիրը, Արենիի եկեղեցին, որոնց կից կան մի շարք պատմամշակութային և բնության արժեքներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են 141 երկրի 851 պատմամշակութային արժեքներ: Ժառանգության ցանկում հայկական մշակութային հուշարձաններից ընդգրկված են երեքը` Սանահին-Հաղպատ եկեղեցիները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով և Էջմիածնի եկեղեցիները, խաչքարերն ու Զվարթնոցի հնավայրը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են