ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԱԿՈՒՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին:
Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Ս. Սարգսյանը նշել է, որ երկու ամսից էլ պակաս ժամանակահատված է անցել պարոն Կացուի հետ վաշինգտոնյան իր հանդիպումից, որը շատ լավ տպավորություններ է թողել: Հայաստանի տնտեսության և մեր երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ պարոն Կացուի բավականին դրական որակումները, ըստ վարչապետի, նաև իր համար ոգևորիչ էին և ավելի են ամրապնդել համոզմունքը, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղղու վրա է ու ավելի արագ տեմպերով զարգացման հնարավորություններ ունի: Իսկ դա արդեն նոր և ավելի բարձր նշաձող ենթադրող ծրագրերի հիմք է հանդիսանում:
ՀԲ-ի պաշտոնյան վերահաստատել է իր գնահատականները մեր երկրի մասին, ընդգծելով, որ Հայաստանն այս տարիներին եղել է հետևողականորեն լավագույն կատարողական ներկայացնող երկրներից մեկը: Նա նշել է, որ նկատի առնելով ՀՀ-ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը, հնարավոր է Հայաստանի համար Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) ֆինանսավորումից անցում կատարվի դեպի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) հետ հիշյալ ընկերակցության համատեղ ֆինանսավորում, ապա` բացառապես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորման:
Շիգեո Կացուն ասել է նաև, որ ՀԲ-ն սկսում է մեր երկրի օժանդակության նոր` 2008-2012թթ. ռազմավարության նախապատրաստումը, և Հայաստանի հետ համագործակցության առաջիկա տարիներին ներգրավվելիք ռեսուրսները ենթադրում են, որ շեշտադրումը լինելու է երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումների, հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա.
«Հայաստանը պետք է պահպանի իր մրցունակությունը»,- նշել է Կացուն, վարչապետի հետ խոսելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական մարմինների թափանցիկության առավել մեծացման, հարկային և մաքսային վարչարարությունների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ըստ նրա, մրցունակության մասին խոսելիս, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային խնդիրներին, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը և դրանից բխող բոլոր խնդիրները: ՀԲ-ի պաշտոնյայի կարծիքով, անհրաժեշտ է հնարավորինս խթանել տրանսպորտային խնդիրների լուծումը, փորձել ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել: Շիգեո Կացուն, երկաթուղու հիմնախնդիրը ևս համարելով այս շարքի կարևորագույն խնդիրներից մեկը, հանդիպման առիթն օգտագործելով, շնորհավորել է վարչապետին` երկաթուղու հաջող մրցութային գործընթացի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան