ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՌԵԱԼ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ ՉՈՒՆԵՆՔ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հիմնական շեշտադրումը հաջորդ տարի կատարելու Է մարզիկների տեխնիկական պատրաստվածության վրա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալիկ Սարգսյանը: «Վերջին տարիներին մեր մարզիկների տեխնիկական պատրաստվածությունը կաղում է, ինչը հաճախ կարող է տակտիկական լավ մտահաղացումն անիրականանալի դարձնել»,-նշեց գործադիր տնօրենը: Ա. Սարգսյանի խոսքով, հարկավոր է բարձրացնել մարզիչների մասնագիտական գիտելիքները, ինչի նպատակով այս տարի Սանկտ-Պետերբուրգից Հայաստան ժամանած մասնագետը 10-օրյա վերապատրաստման դասընթացներ է անցկացրել հայաստանյան մարզիչների հետ: «Մեր երիտասարդ մարզիչների թիվը այսօր այնքան էլ շատ չէ, սակայն մարզչական սերնդափոխության հարցերը հետզհետե կարգավորվում են»,-նշեց Ա. Սարգսյանը:
Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան այսօր ունի միջազգային կարգի 9 մրցավար, ինչպես նաև այս տարի 3 մարզիկ ստացել է հանրապետական կարգի մրացավարի կոչում: «Նոր մրցավարական կադրերի նախապատրաստումը այժմ մեր գործունեության օրակարգում է»,-ընդգծեց ղեկավարը:
Բռցքամարտի ֆեդերացիան այսօր ունի շուրջ 4000 սան: Հիմնական մարզադպրոցները տեղակայված են Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Ամփոփելով այս տարվա մեր բռցքամարտիկների հաջողությունները, նա նշեց, որ պատանիների հավաքականը Եվրոպայի մրացաշարում նվաճել է 7 մեդալ` 1 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե, կրտսերների ընտրանին եվրոպական առաջնությանը արժանացել է 2 բրոնզե մեդալի, իսկ մեծահասակների հավաքականին աշխարհի առաջնությանը չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն մերոնք նվաճել են օլիմպիական երեք ուղեգիր:
2008-ին Հայաստանի բռցաքամատիկները 4 տարիքային խմբերով մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև երիտասարդների միջև աշխարհի մրցաշարին: «Հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել արդեն ավանդական դարձած Էդուարդ Արիստակեսյանի անվան առաջնությունը, որը միջազգային կարգի է լինելու»,-նշեց Ա. Սարգսյանը: Խոսելով օլիմպիական խաղերում մեր ակնկալիքների մասին ֆեդերացիայի գործադիր տնօրենը նշեց.«Այս պահի դրությամբ ռեալ չեմպիոնի հավակնորդ չունենք»: