ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 11%
Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, 2008 թվականին ակնկալվում է տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանում, որի արդյունքում տարեկան տնտեսական աճը կկազմի շուրջ 11%: Նման ենթադրություն անելու համար ԿԲ-ի համար հիմք են ծառայել այս տարվա ընթացքում տնտեսության ճյուղային զարգացումները, ինչպես նաև չորրորդ եռամսյակի սպասումները: Այս մասին նշված է ԿԲ-ի 2008-ի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Արդյունաբերության ճյուղում 2008 թ. ակնկալվում է ավելացված արժեքի աճի տեմպերի վերականգնում` 6-8% շրջանակներում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն դրսևորվի ադամանդագործության ենթաճյուղում 2007 թվականին արձանագրված անկման միտումները: Ըստ ծրագրի, արդյունաբերության մյուս ենթաճյուղերում ակնկալվում է արտադրության ծավալների աճ, որն առավել բարձր կլինի քիմիական արդյունաբերության, մետաղագործության, էներգետիկայի, սննդի արդյունաբերության և շինանյութերի արտադրության ենթաճյուղերում: Զգալի աճ է ակնկալվում պարարտանյութերի և սննդի արդյունաբերության ենթաճյուղերում: Նախատեսվում է, որ արդեն 2008 թվականին տեղական պարարտանյութերի արտադրության ծավալները լիովին կբավարարեն պարարտանյութերի նկատմամբ գյուղատնտեսության պահանջարկը:
Էներգետիկայի ոլորտում ակնկալվում է գազի ներմուծման և բաշխման ծավալների աճի տեմպի պահպանում` պայմանավորված գազիֆիկացման գործընթացի շարունակմամբ: Բացի այդ, շարունակելու են զարգանալ փոքր հիդրոէլեկտրակայանների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների շահագործման ոլորտները:
ԿԲ կանխատեսումներով, գյուղատնտեսությունում խոշոր ներդրումների բացակայության պատճառով արտադրողականությունը գրեթե անփոփոխ է մնում, որի պարագայում, մասնավորապես բուսաբուծությունում, թողարկման ծավալները կախված են առավելապես բնակլիմայական պայմաններից: Շինարարության ճյուղում 2008-ի ընթացքում ակնկալվում է ավելացված արժեքի բարձր ցուցանիշի պահպանում, որը, սակայն, զիջելու է նախորդ տարվա ցուցանիշը` կազմելով շուրջ 16%: Ակնկալվում է, որ 2007 թվականի ընթացքում արձանագրված բնակարանային շինարարության ծավալների նվազումը հաջորդ տարի չի շարունակվի: Ծառայությունների ոլորտում ԿԲ ծրագրով սպասվում է բարձր աճի տեմպերի պահպանում` 13-14%-ի շրջանակներում: Աճը հիմնականում կապահովվի տրանսպորտի և կապի ծառայությունների, ինչպես նաև զբոսաշրջության հետ կապված ծառայությունների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան