ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԱԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Այսօր տեղի ունեցավ «Աշխատաշուկան Հայաստանում. միտումներն ու մարտահրավերները» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվեցին աշխատաշուկայի համաշխարհային և տեղական միտումներին, աշխատաշուկայի դինամիկային, զարգացմանը վերաբերող հարցեր:
«Վերջին տարիներին մեր հանրապետությունում կայուն տնտեսական աճը, կյանքի որակի փոփոխությունները մեզ պարտադրում են անդրադառնալ նաև շուկայական տնտեսության մի կարևոր բաղադրիչին` աշխատաշուկային»,-համաժողովի բացման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, առանց այս ոլորտում որոշակի ծրագրված կարգավորման և պետական քաղաքականության հնարավոր չէ ապահովել բնակչության բարեկեցություն: «Տարիներ առաջ ընդհանրապես չէինք խոսում, մոռանում էինք այս կարգի հարցերի մասին, քանի որ պետությունն այլ հարցերով էր զբաղված: Քայլ առ քայլ, միջազգային զարգացումներին, փոփոխություններին համահունչ առաջնահերթ են դառնում այնպիսի հարցեր, առանց որոնց քննարկումների հնարավոր չէ երկրի զարգացումը»,-ասաց նախարարը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Անն Հըրշին նշեց, որ պահանջարկի և առաջարկի շուկայում մեծ ճեղքվածք կա, որի հետևանքով անհնար է որակյալ տեղեկատվություն ունենալ: «Հայաստանում կուտակված է մեծ չափի տեղեկատվություն, տվյալներ, և այս հանդիպման հիմնական նպատակն է առկա տվյալները տեղափոխել գործնական դաշտ»,-ասաց նա:
Համաժողովի կազմակերպիչներն էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան. սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը, Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան, ԵՀՀ ծրագիրը: Բացի վերը նշված հարցերից, համագումարի ընթացքում քննարկվեցին նաև «Հայաստանի աշխատաշուկան. շրջադարձային կետեր» թեմային, առկա իրավիճակին, քաղաքականության մարտահրավերներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան