ՍԻՄ-Ը ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն այս ընտրություններում պաշտպանելու է այն թեկնածուին, ով իր կենսագրությամբ, վարքագծով և թիմով երաշխավորում է, որ հաջորդ տարվա մարտից երկիրը կդառնա ավելի օրինական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանը: Նրա խոսքով, այսօր կուսակցությունը կապեր է պահպանում բոլոր թեկնածուների և նրանց ներկայացուցիչների հետ:
Ըստ բանախոսի, կուսակցությունը հիմնական հույսը կապում է ԱԺմ ղեկավար Վազգեն Մանուկյանի հետ: Բայց կպաշտպանի կուսակցությունն արդյոք Վ. Մանուկյանին, Հ. Խաչատրյանն առայժմ չհստակեցրեց: Նա նշեց, որ սատարող թեկնածուին որոշելու համար արտահերթ համագումար չի հրավիրվելու: «Մենք կբավարարվենք կուսակցության ղեկավար մարմինների կայացրած որոշումներով»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքական դաշտ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին, ՍԻՄ նախագահը նկատեց, որ դա միայն կակտիվացնի նախընտրական պայքարը, «ինչ-որ նոր գաղափարներ նա չի բերել»:
Հ. Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանը ունի բավարար ներքին ռեսուրսներ արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար: Խոսելով ընտրությունների վրա ռուսական կամ արևմտյան ազդեցության մասին, ՍԻՄ ղեկավարը նշեց, որ դա կողջունի միայն այն դեպքում, եթե այն ուղղված լինի ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելուն: