«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ
«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց 15-ամյա հոբելյանի առթիվ վաղը հանդես են գալու համերգ-հանդիսությունով: Այդ կապակցությամբ նրանք այսօր հանդիպեցին լրագրողների հետ: «Տասնհինգ տարին մեզ համար մի ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք հասել ենք մեծ նվաճումների, ի տարբերություն շատ-շատ խմբերի»,-ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը: Ինչպես նշեց նա, իրենք շոու չեն ցուցադրելու, այլ փորձելու են կատարողական, որակական առումով կատարյալ արվեստ ներկայացնել:
Համերգին մասնակցելու են տարբեր տարիների ընթացքում երգչախմբի կազմում հանդես եկած սաները` հավաքական երգչախումբ, «Հայաստանի փոքրիկ երգիչները»` 9-18 տարեկան, «Հայաստանի ամենափոքր երգիչները»` 4-7 տարեկան:
Ասուլիսին ներկա մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշեց, որ հոբելյանական երեկոյի ընթացքում երգչախումբը պարգևատրվելու է մշակույթի նախարարության պատվոգրերով, իսկ Հայաստանի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Էլմիրա Հեքեքյանը` նախարարության Ոսկե մեդալով:
Նշենք, որ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992թ.: Խմբի անդամները 4-18 տարեկան երեխաներ են, որոնք բարեգործական տարբեր համերգներով հանդես են գալիս Հայաստանում և նրա սահմաններից դուրս` Ռուսաստան, Հունաստան, Կիպրոս, Գերմանիա, Ֆրանսիա և այլուր: Նրանք մասնակցել են բազմաթիվ փառատոնների, միջազգային գիտաժողովների, մրցույթների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են