ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ» ՄՐՑՈՒՅԹԻՆ
Այս տարի Հայաստանն առաջին անգամ տարածաշրջանային մակարդակով կմասնակցի միջազգային տեխնոլոգիական «Imagine Cup» մրցույթին: Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը, երեք փուլանոց մրցույթը մեկնարկել է այսօր:
Առաջին` նախապատրաստական փուլը կտևի մինչև 2008 թվականի փետրվարի 15: Մինչ այդ, մրցույթի մասնակիցները պետք է կազմավորեն չորս հոգուց բաղկացած թիմեր, լրացնեն համապատասխան հայտը և ներկայացնեն առաջարկվող խնդրի լուծման համար ծրագրային ապահովման նկարագրություն:
Երկրորդ փուլի շրջանակներում, որը կընթանա մինչև ապրիլի 20-ը, մասնակիցները գնահատող հանձնաժողովին պետք է ներկայացնեն առաջարկվող խնդրի լուծման ծրագրային ապահովումը: 5 օրվա ընթացքում, հանձնաժողովը պետք է ընտրի լավագույն 10-15 թիմ, որոնցից 3-ը կճանաչվեն լավագույն: Իսկ հաղթողը, որը կորոշվի մինչև 2008-ի ապրիլի 25-ը, կարժանանա Փարիզի ուղեգրի, որտեղ ամռանը Microsoft ընկերությունը կանցկացնի համաշխարհային «Imagine Cup» մրցույթը:
Իր հերթին, Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը հայտնեց, որ մրցույթում ներկայացված են 9 անվանակարգեր, որոնցից 8-ը կանցկացվեն on-line ռեժիմով: Մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաները օժանդակում են շրջակա միջավայրի բարելավմանը»:
Միջազգային մրցույթն անցկացվում է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուչցության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի աջակցությամբ: Մրցույթի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առանձնացնել ու աջակցել ուսանողական հաջողակներին ու հնարավորություն տալ նրանց կիրառելու իրենց ծրագրերը:
Կազմակերպիչների կարծիքով հայ մասնագետները բացառիկ հնարավորություն են ստացել ՏՏ-ոլորտում հանրապետությունը ներկայացնել միջազգային մակարդակով:
Նշենք, որ 2006 թվականին միցույթին 100 երկրից մասնակցել է 65 հազար ուսանող: 2007 թվականի մրցույթի թեման եղել է «Պատկերացրու աշխարհը ուր տեխնոլոգիաները բոլորի համար ճանապարհ են հարթում դեպի ուսում»: