ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ
Այսօր Չինաստանում մեկնարկել են «Հայ մշակույթի օրերը»: Մեր երկրի մշակույթը ներկայացնելու համար Պեկին են մեկնել Երևանի մնջախաղի պետական թատրոնը, միջազգային մրցույթների դափնեկիրներ, մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Իրինա Զաքյանը, «Կադանս» անսամբլը, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Արուս Աճեմյանը, դաշնակահար, կրկին միջազգային մրցույթների դափնեկիր Արման Բաբախանյանը:
Այդ օրերի ընթացքում Չինաստանի ժողովրդական հանրապետության մշակույթի նախարար Սուն Ցզյանչժենի հրավերով Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես Պեկինում է լինելու:
Նշենք, որ Չինաստանի և Հայասատանի միջև երկկողմ մշակութային համագործակցությունն իրականացվում է պարբերաբար ստորագրվող երկամյա կամ եռամյա ծրագրի շրջանակներում: 2005-2010թթ. մշակութային համագործակցության մասին ծրագրի շրջանակներում 2007թ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է Չինաստանի Չժանչժոու քաղաքի խամաճիկների թատրոնի ներկայացումները:
Չինաստանում հայ մշակույթի օրերը կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գ. Դուրգարյանի խոսքով, նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2008թ. Պեկինում կայանալիք «Colors and Olymoism» խորագրով Beijing Biennale երրորդ փառատոնին հայ գեղանկարիչ դիզայներների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: