«ԱԼՌՈՍԱ»-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԼՄԱՍՏ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ
ԱԼՌՈՍԱ ռուսական ադամանդագործական ընկերությունը սկսել է Հայաստանին մատակարարել ալմաստի հումք` ադամանդի արտադրության նպատակով: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության նախագահը Սերգեյ Վիբորնովը: Հումքի մատակարարման առաջին ծավալը գնահատվում է ավելի քան 1 մլն ԱՄն դոլար:
Իր հերթին ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը հայտնեց, որ Հայաստանի կառավարության հետ ոսկեգործության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո, ԱՌԼՈՍԱ-ի ներկայացուցիչները այցելել են Հայաստան և մշակող ձեռնարկությունների շրջանակում անցկացրել են ուսումնասիրություն` ապագա գործընկերներին գտնելու նպատակով: Այսպիսով, ռուս փորձագետները ուսումնասիրել են 22 ձեռնարկություն, հանդիպումներ են ունեցել նրանց ղեկավարության հետ, քննարկել են գործակցության հնարավորություններն ու պատրաստակամությունը:
Այցի արդյունքում պատրաստվել է լուրջ զեկույց, որը ընկերության ներկայացուցիչները քննարկել են իրենց հայաստանցի գործընկերների հետ, հստակեցրել են թվերն ու եզրակացությունները: Արդյունքում ընտրվել են DCA, «Արևակն», «Յուկոս» և «Դայմոնդտեկ» ընկերությունները:
Բացի այդ, ինչպես հաղորդեց Ուլինը, հաջորդ տարի նախատեսվում է համաձայնեցված տեսականու 28-30 միլիոն դոլարի հումքի ներկրում: 2008 թվականի կեսերին տեղի կունենա ևս մեկ հանդիպում հայ գործընկերների հետ, որի ժամանակ կամփոփվեն համագործակցության առաջին փուլի արդյունքները և կորոշվեն հետագա համագործակցության ձևերը` հումքի ներկրման ծավալների մեծացման նախանշմամբ` 2008-2009 թթ.:
Ամփոփելով առաջին փուլի արդյունքները, Ուլինը նշեց, որ կան հիմքեր հետագա համագործակցության համար լավատես լինելու համար:
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ողջունեց «ԱԼՌՈՍԱ»-ի կատարած գործնական քայլերը, նշելով, որ սա խոսում է այն մասին, որ այս տարվա ամռանը ստորագրված համաձայնագիրն ունի շարունակություն: Նա կարծիք հայտնեց, որ ռուսական ընկերությունը Հայաստանում իր բիզնեսն այլ ուղղություններով ընդլայնելու հնարավորություն ունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին «ԱԼՌՈՍԱ»-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված է Հայաստանում ռուսական ալմաստների մշակումը: Դրանք լինելու են 0.30 մինչև 1.5 կարատանոց քարեր, որոնց մշակումը Ռուսաստանում կատարելը շահավետ չէ: