ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՎՆԱՍԸ ՄԱՐՎԵԼ Է
«ԱՊՍԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված նյութական վնասը եւ առանձնապես խոշոր չափերով հաստատագրված վճարները վճարելուց խուսափելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է,-հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշված ընկերության բաժնետերեր են հանդիսանում ՀՀ քաղաքացիներ Բենիամին Գրիգորյանը եւ Արարատ Զուրաբյանը:
Նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում 08.10.07թ. հարուցվել էր քրեական գործ «ԱՊՍԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հաստատագրված վճարները վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «ԱՊՍԻԴԱ» ընկերության տնօրեն Բ.Գրիգորյանը, ընկերության կողմից վարձակալած տարածքում զբաղվել է առեւտրի կազմակերպմամբ, սակայն 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին սպասարկման սրահի մակերեսի վերաբերյալ հարկային մարմնին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված ելակետային տվյալներ, որի արդյունքում խուսափել է 60.512.800 դրամի հարկային պարտավորությունների կատարումից, որից 34.626.200 դրամ հաստատագրված վճարի գծով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել և նույն օրը, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Գումարը մարելուց և պետական գանձապետարան փոխանցելու վերաբերյալ վճարման անդորրագիրը նախաքննական մարմնին ներկայացնելուց հետո, քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել և խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել: