150 ՏՈՆՆԱ ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ՄԻՐԳ ԱՊՕՐԻՆԻ ԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Անցած տասն օրերի ընթացքում Մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով հանրապետություն ներմուծված ավելի քան 150 տոննա ցիտրուսային մրգեր և ընդեղեն` մասնավորապես նարինջ, մանդարին, արքայանարինջ, ընկույզ: Ինչպես հայտնեցին կոմիտեի լրատվական ծառայությունից, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված ընկույզ և այլ ապրանքներ են հայտնաբերել ինչպես Թբիլիսի-Երևան գնացքի ուղևորների մոտ, այնպես էլ ուղեկցորդուհու աշխատախցիկում նախօրոք պատրաստված թաքստոցից: Ընդհանուր առմամբ Թբիլիսի-Երևան գնացքում հայտնաբերվել է մաքսային իրավախախտման 38 դեպք:
Նույն աղբյուրի համաձայն, իրավախախտման դեպքեր են արձանագրվել նաև շրջանցիկ ճանապարհներին: Քանի որ հայ-վրացական սահմանային գոտու որոշ հատված դեռևս բաց է, ուստի հաճախ ապօրինի ներկրման դեպքեր են արձանագրվում սահմանի հենց այդ հատվածներում` Բագրատաշենի մաքսակետը շրջանցող ճանապարհներին: Այդ կերպ ապօրինի ներկրման 16 դեպք է արձանագրվել: Մասնավորապես փորձ է արվել Վրաստանից մաքսային հսկողության շրջանցմամբ` արքայանարինջ և մանդարին տեղափոխել մաս-մաս` Դեբեդ գետով, իսկ ապօրինի ճանապարհով ներմուծման մեկ այլ դեպքի ժամանակ փորձ է արվել Վրաստանից շրջանցիկ ճանապարհով միրգը տեղափոխել տրակտորով:
Առանց հայերեն նշագրումների և թուրքական արտադրության ցիտրուսային մրգերի և ընդեղենի ապօրինի ներկրման 4 դեպք էլ հայտնաբերվել է մայրաքաղաքի «Մալաթիա» տոնավաճառի տաղավարներում, որոնց վարձակալները չեն ունեցել դրանց մաքսային ձևակերպման ոչ մի փաստաթուղթ:
Ինչպես նշում են մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, այս տարի արձանագրվել է սննդամթերքի ապօրինի ներկրման 99 դեպք, որոնցից միայն 7 դեպքով հայտնաբերվել է ձկան մոտ 100 կգ սև և կարմիր խավիար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան