ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Այսօր Մոսկվայում կկայանա ԱՊՀ-ի երկրների գյուղատնտեսության նախարարների միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը:
Նրա հավաստմամբ, հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկելու են գյուղատնտեսության ոլորտում ամենաարդի խնդիրները: «Միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն սննդի անվտանգության, ընդհանուր ագրարային շուկայի ձևավորման ուղիների, ԱՊՀ երկրների «Սերմերի ասոցիացիայի» աշխատանքների հաշվետվության ու այլ կարևոր թեմաներ»,-ասաց Ս. Ավետիսյանը:
Ըստ գյուղատնտեսության փոխնախարարի, նիստին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, կասկածելի է միայն Վրաստանի ներկայությունը: Նիստը կնախագահի Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեևը:
Ս. Ավետիսյանի խոսքով, Ռուսաստանն առաջարկել է, որպեսզի Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան դառնա ԱՊՀ երկրների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման բազային կենտրոն, իսկ Մոսկվայի արդյունաբերական ակադեմիայում առաջարկել է պատրաստել ԱՊՀ երկրների ագրոարդյունաբերական համալիրի կադրեր:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարները հանդիպում են յուրաքանչյուր տարի: Հանդիպումն անցկացվում է ԱՊՀ երկրներում: Հայաստանում այն դեռևս չի անցկացվել: