ՊԱՇՏՊԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների խումբն այցելել է ՊՆ հանրապետական հավաքակայան: Առօրյա գործունեությանը և զորակոչի անցկացման գործընթացին նրանց ծանոթացրել է ՀՀ ՊՆ հանրապետական զինկոմիսարիատի բաժնի ավագ սպաներից մեկը: Խմբի անդամները շրջայց են կատարել հավաքակայանի տարածքով, զրուցել զորակոչիկների հետ, ծանոթացել բժշկական հանձնաժողովի աշխատանքին, անցել բուժհետազոտման սենյակներով: Խախտումներ, ինչպես տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից, չեն արձանագրվել:
Սակայն արձանագրել են, որ բուժհետազոտման անցման սպասասրահի պայմանները լուրջ բարելավման կարիք ունեն, բացի այդ սենյակների առջև զորակոչիկների կուտակումներ են լինում և բավարար չափով նստատեղեր նախատեսված չեն:Պայմաններ ստեղծված չեն այն զորակոչիների համար, որոնք արդեն անցել են բուժզննում: Այցելության օրը, զորակոչիկների մի մասը ստիպված է եղել մեկ ժամից ավել սպասել բացօթյա տաղավարներում:
Այս հարցերը պարզաբանելու նպատակով, խմբի անդամները հանդիպել են ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի հրամանատարի հետ: Վերջինը նշել է, որ նախկինի համեմատ հավաքակայանի պայմանները զգալիորեն բարելավվել են, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար ակնկալում է աջակցություն:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների խմբի անդամներին մոտեցել են Արաբկիրի զինկոմիսարիատից զորակոչված 3 զորակոչիկներ, որոնք պնդել են, որ իրենց զինկոմիսարիատ են հրավիրել առանց ծանուցագրի, բուժզննում անցնելու պատրվակով և ապօրինաբար բերել հավաքակայան, նրանք նույնիսկ չեն հասցրել հրաժեշտ տալ հարազատներին:
Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդականը զինկոմիսարիատի ներկայացուցչից պարզաբանում է պահանջել զորակոչիկների հայտարարությունների վերաբերյալ: Վերջինը նշել է, որ նրանք պարբերաբար խուսափել են զինվորական ծառայության մեկնելու նպատակով զինկոմիսարիատ ներկայանալուց, բայց հերքել է զորակոչիկների այն պնդումները, որ իրենց զինկոմիսարիատ են հրավիրել առանց ծանուցագրի: Խնդրի ուսումնասիրությունն, ըստ Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության, շարունակվում է: