ՄԱՍՆԱԳԵՏ. «ՀԱՐԿԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼԻԳԱ»
«Կրթված, բայց անդաստիարակ մարդն ամենավտանգավորն է երկրի զարգացման համար: Անդաստիարակ հասարակություն ունենալ, նշանակում է մահվան հասցնել պետությանը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Մշակույթի հայկական լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Գրիգորյանը: Նրա հավաստմամբ, կիրթ ու դաստիարակված հասարակություն ունենալու համար հարկավոր է սկսել կրթօջախներից:
Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը, դպրոցներում հարկավոր է դասավանդել բարոյագիտություն և գեղագիտություն առարկաները: Ըստ ««Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավագետ Արթուր Կարապետյանի, դասղեկները զբաղվածության պատճառով չեն կարող դասավանդել նաև այս առարկաները: «Դասարանի դաստիարակները, ի վերջո, կզբաղվեն նույն դասղեկների աշխատանքով, սակայն նրանք այդքան ծանրաբեռնված չեն լինի ու կկարողանան հստակ զբաղվել աշակերտների դաստիարակությամբ»,-ասաց Ա. Կարապետյանը:
Բացի այդ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ հարկավոր է ստեղծել «Օժտված երեխաների լիգա» կենտրոն: Ս. Գրիգորյանի խոսքով, հարկավոր է գտնել ու բացահայտել օժտված երեխաներին: Դրա համար, նրա հավաստմամբ, բավարար չէ միայն հ/կ-ների նախաձեռնությունը. «Այս աշխատանքն իրագործելու համար հարկավոր է պետական աջակցություն: Մենք գիտակցում ենք, որ մեր երկրի ապագան հենց այդ օժտված երեխաների «ձեռքում է»»: Հասարակական կազմակերպությունների նախագահները նպատակ ունեն այդպիսի կազմակերպությունները հետագայում վերածել դպրոցների:
Նշենք, որ «Օժտված երեխաների լիգա» կազմակերպությունը գործում է ԱՊՀ մի շարք երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան