12-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ. ՆՈՐԻ՞Ց «ՀԱՄԱՀՈՒՆՉ ԴԱՍԱԳՐՔԵՐ»
«Այս տարի մենք արդեն հայտարարել ենք մրցույթ` դպրոցների 12 -ամյա կրթության դասագրքերի ստեղծման համար: Քանի որ դպրոցն արդեն 12-ամյա է, անհրաժեշտ է փոխել կրթական ծրագրերը: Հաջորդ տարի յուրաքանչյուր դասարան նորից ունենալու է իր ծրագրին համահունչ դասագիրք»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այս տարի հանրակրթական համակարգում վերապատրաստվել է 11 հազար ուսուցիչ: «Մենք փորձելու ենք պարբերաբար իրականացնել ուսուցիչների վերապատրաստումը»,-հավելեց նախարարը:
Լ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ «Միջնակարգ կրթության մասին» օրենքն արդեն ԱԺ -ում է: Դրա ընդունումից հետո անմիջապես սկսվելու է ուսուցիչների ատեստացիայի, ուսուցչի դերի բարձրացման և նրանց մասնագիտական կարողությունների և որակավորումների շարունակական աճն ապահովելու մեխանիզմներ մշակելու գործընթացը:
Նա հայտնեց, որ հանրապետության մարզերում 2008 թվականին կստեղծվի 30 ավագ դպրոց: «Այս համակարգի կայացումը կնպաստի երեխաների հեշտ անցմանը դեպի ԲՈՒՀ: Այս համակարգի կայացման դեպքում կրկնուսույցների կարիքը այլևս չի լինի»,- հավելեց նա:
Լ. Մկրտչյանը անդրադառնալով ավարտական և միասնական քննություններին, նշեց, որ եթե անցած տարի քննասենյակներում տեսախցիկների պակաս կար, ապա այս տարի նման խնդիր չի լինի: «2009 թվականին ավարտական բոլոր քննությունները կանցկացվեն միասնական համակարգով: Իսկ հաջորդ տարի կհստակեցվեն միասնական քննությունների ընթացակարգային խնդրիները»,-ասաց նախարարը: