ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ.«ՃՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպումը, ավանդաբար սկսեց «հարգելի գործընկերներ» արտահայտությամբ: Դատարանի նախագահի խոսքով, դատական ոլորտը լուսաբանող լրագրողները մասնակից են լինում ոլորտում կատարվող գրեթե բոլոր իրադարձություններին, այդ պատճառով էլ անվանում է գործընկերներ:
Ամփոփելով արած ու չարած գործերը, դատարանի նախագահը նշեց, որ բավականին մեծ աշխատանք է տարվել դատական համակարգում` վերակառուցվել են դատարանների շենքեր, փորձ է արվել ձևավորել Դատական դեպարտամենտը, բարելավվել է դատավորների ֆինանսավորումը: Ըստ էության, Վճռաբեկ դատարանի նախագահը համարում է, որ կազմակերպման և տեխնիկական սպասարկման առումով դատական համակարգը գտնվում է որակական բարձր մակարդակի վրա: Իսկ միակը, որը դեռ չեն կարողացել լուծել` դա դատավորների աշխատավարձի խնդիրն է: Սա ոլորտի պատասխանատուները դիտում են կոռուպցիան նվազեցնելու` ոչ ամենակարևոր քայլը, բայց ամենակարևոր նախադրյալը: Հովհաննես Մանուկյանի խոսքով, առանց դրա մյուս գործողությունները պակաս արդյունավետ կլինեն, թեև նա վստահ է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել նաև այս խնդիրը:
«Դեռևս բավարար վիճակում չէ դատավորների անկախության ուղղությամբ տարվող աշխատանքը»,-արձանագրեց Վճռաբեկ դատարանի նախագահը և ավելացրեց. «Չենք կարողացել հասնել, նրան որ դատական համակարգը զերծ մնա ճնշումներից, դա միայն պաշտոնական ճշումը չէ, շատ դեպքերում դրանք բարեկամական, հարազատական և ընկերական ճնշումներ են, եթե կարողանանք լուծել այս խնդիրը, կասենք մեծ նվաճում ենք ունեցել»: Թեև Հովհաննես Մանուկյանն ասում է, որ աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվել են:
Նա դրական է համարում առաջին անգամ հրապարակային, բաց Արդարադատության խորհրդի նիստ հրավիրելը: Միակ օրինակը, լիազորությունները դադարեցված Կենտրոն և Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանի գործն է, բայց Հովհաննես Մանուկյանն ասում է, որ անհրաժեշտության դեպքում, արդեն շատ դատավորներ կարող են դիմել նույն պահանջով: Հովհաննես Մանուկյանը մի կողմ դնելով երևույթի դրական-բացասական կամ այլ երանգները, նշում է, որ գործի հրապարակային քննարկումն արդեն արդյունք է:
Դատական իշխանություն և մամուլ հարաբերությունների մասին խոսելով, ասաց, որ համենայն դեպս, փորձել արվել է միմյանց հասկանալու:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Ամանորի կապակցությամբ մաղթեց իղձերի իրականցում և ձեռքբերումների կրկնապատկում: