ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 30 ՏՈԿՈՍՈՎ
Նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել են պետական բյուջեի եկամուտները բնապահպանական և բնօգտագործման վճարների մասով: 2007 թ. տվյալներով այդ վճարների գծով փաստացի մուտքերը կազմել են 8.5 մլրդ դրամ: Այսօր ամփոփելով ընթացիկ տարվա գործունեությունը, ասաց բնապահպանություն նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա, աճն ամբողջովին ապահովվել է բնապահպանական վճարների շնորհիվ, որն էլ հիմնականում պայմանավորված է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» նոր օրենքի ընդունման հետ:
Նախարարն իր խոսքում կարևորեց մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների կառավարումը կատարելագործելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ արված աշխատանքները: «Այս տարվա մարտից արգելվել է այն ավտոմեքենաների ներմուծումը, որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ»,-ասց նա, ավելացնելով, որ խնդրի վերաբերյալ մշակվել և ընդունվել են մի շարք իրավական ակտեր:
Նորվեգիայի կառավարության օժանդակությամբ ներկայումս ստեղծվում է «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի» անդրսահմանային աղտոտման մոնիտորինգի կայանը:
Խոսելով հանրապետությունում ջերմատակարարման համակրգի վերականգնման ուղղությամբ արված աշխատանքների մասին, նախարարն ասաց, որ ներկայումս ավարտման փուլում է այդ համակարգի երեք բազմաբնակարանային շենքերի ներշենքային և ներբնակարանային ջերմային ցանցերի կառուցումը: Պլանավորված է արդեն այս ջեռուցման սեզոնին համակարգին միանալու ցանկություն հայտնած բնակիչներին տալ ջեռուցում և տաք ջուր: Ծրագրի շրջանակներում կատարվել են կենտրոնացված ջերմամատակարարման վերակառուցման և գործարկման աշխատանքներ` Գյումրիում 4 շենք (280 բնակարան) և Սպիտակում 23 շենք (276 բնակարան):