ՕՂԻՆ ԴԵՌ ՉԻ ԹԱՆԿԱՑԵԼ
Ոգելից խմիչք արտադրողներն իրենց ապրանքի գինը նախատոնական շրջանում չեն բարձրացնի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ալկահոլային խմիչքների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Անբուն: Սակայն նա միևնույն ժամանակ հայտնել է, որ խանութներում սպիրտային խմիչքների գինը բարձրացել է, քանի որ մանրածախ վաճառքով զբաղվողները փորձում են առավելագույնս շատ գումար աշխատել նախատոնական օրերին ստեղծված աժոտաժային իրավիճակում:
«Տարեվերջի 2-3 շաբաթում սպառվում է այնքան խմիչք, որքան միջինը 2-3 ամսվա ընթացքում: Արտադրողները ոչ մի շահ չունեն այս կարճ ժամանակահտվածում բարձրացնել գները: Կլինի միայն գների սպեկուլյատիվ աճ»,-հայտարարել է Անբուն:
Նշենք, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող լայն սպառման 30 ապրանքների ցանկում ոգելից խմիչքներից ընդգրկված է միայն օղին: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, մայրաքաղաքի սուպերմարկետներում անցկացրած մոնիտորինգի արդյունքների համաձայն, օղու գների աճ չի արձանագրվել: «Մոնիտորինգն իրականացվում է միայն սուպերմարկետներում, քանի որ դրանց վարքագիծն է առավել շատ ազդում շուկայի վրա»,-ասաց Ա. Ուդումյանը, ավելացնելով, որ եթե նույնիսկ փոքր խանութները որոշեն բարձրացնել ապրանքների գները, ապա այդ դեպքում մրցակցության հնարավորություն կլինի` այսինքն նույն ապրանքը մատչելի գնով կարելի կլինի ձեռք բերել սուպերմարկետներից:
Հիշեցնենք, որ հակամենաշնորհային հանձնաժողովի ուսումնասիրությունները կշարունակվեն մինչև 2008-ի հունվարի 15-ը: Մոնիտոինգի արդյունքերը ցույց են տվել, որ լայն սպառման 30 ապրանքներից միայն բանան է թանկացել 200-300 դրամով: