ԼՂՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 126.9 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ
Այս տարվա հունվար-նոյեմբերի ընթացքում 8.7 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, որը կազմել է տարեկան ծրագրի 79.3%-ը: Մասնավորապես, 5.9 մլրդ դրամ հատկացվել է ներքին, 2.8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ այդ ցուցանիշն ավելացել են 12.6%-ով կամ 973.5 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պարտքի սպասարկման ծախսերի 30.1% աճով:
Արտաքին պարտքի սպասարկման ծախսերի գծով նույն ժամանակահատվածում արձանագրվել է անկում 12.1%-ով կամ 388.9 մլն դրամով: 2007 թվականի հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից կատարված վարկավորումը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ: Մասնավորապես, 18.1 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին, 126.9 մլն դրամը արտոնյալ պայմաններով հատկացվել է բռնադատված քաղաքացիներին` նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով, իսկ 717.9 մլն դրամը տրամադրվել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցմանը:
Ինչպես տեղեկացանք ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, նախկինում տրամադրված վարկերից պետական բյուջե է վերադարձվել 682.6 մլն դրամ: Արդյունքում զուտ վարկավորումը կազմել է շուրջ 19.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 93.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի զուտ վարկավորման ծավալն ավելացել է 28.8%-ով` ի հաշիվ 2007 թվականին ԼՂՀ-ին տրամադրվող միջպետական վարկի գումարի ավելացման: