ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է
Վերջին 18 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած ամենախոշոր ծրագիրը Մարտակերտ քաղաքի մայր ջրատարի բացումն էր: Ջրատարի բացման արարողությունը, որին ներկա էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը և փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին: Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժինը, ներկաների թվում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և վարչապետ Արա Հարությունյանը:
Ջրատարը Մարտակերտի շրջանի և մոտակա գյուղերի ավելի քան 7000 բնակչի կապահովի խմելու ջրով: Ըստ նախնական հաշվարկների` ջրի քանակն ավելի քան բավարար է և կարող է օգտագործվել նաև ոռոգման նպատակով: 1 միլիարդ ՀՀ դրամ (3.3 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ Մարտակերտի ջրատարի կառուցման ծրագիրն իրագործվել է «Հեռուստամարաթոն 2005»-ի ընթացքում հանգանակված միջոցներով:
Նշենք, որ Մարտակերտը Ղարաբաղյան պատերազմի արդյունքում ամենախիստ տուժած շրջանն է: Մայր ջրատարից սկիզբ են առնում Մեծ Շեն (2.3 կմ), Մաղավուզ և Վարնկաթաղ գյուղերը (5.5 կմ ) սնուցող ջրագծերը: Ջրագիծը սկիզբ է առնում Երեք Մանկուկ եկեղեցական համալիրից 5 կմ վերև գտնվող Թրզի գետի անանուն վտակից: Ջրատարի ուղեգիծը բարդ հատակագծային է. այն սկիզբ է առնում ամենաբարձր կետում 1141մ նիշից և ավարտվում 541մ նիշի վրա: Ջրատարը հատում է Թարթար գետը, որտեղ 25 մ երկարությամբ կամուրջ է կառուցվել` ջրագծի ամրությունն ու հետագա շահագործումն ապահովելու նպատակով: