ԿԵՍ ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ` ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Տնտեսական աճի 13.6 տոկոս ցուցանիշով ավարտվող 2007 թվականը ամենից հաջողներից մեկն է:Վերջին 7 տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը վկայում է, որ իրականացվող բարեփոխումները արդյունավետ էին և դրանց արդյունքում այսօր ունենք կայուն, դինամիկ զարգացող տնտեսություն:Վստահ եմ, որ առաջիկա առնվազն 4-5 տարվա համար ևս երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունենք:
Այսպես է բնութագրել անցնող տնտեսական տարին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության գործարար շրջանակների 60-ից ավելի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած տարեվերջյան ավանդական հանդիպմանը:
«Ամբողջությամբ կատարված է պետբյուջեն, թեև տարվա ընթացքում այն ավելացրել էինք 38 մլրդ դրամով: Նույնիսկ այդ ավելացված բյուջեն գերակատարվել է: Սա հնարավորություն է տվել պետությանը ամբողջությամբ կատարելու իր բոլոր պարտավորությունները և լուծելու շատ լուրջ սոցիալական հարցեր»,-ասել է երկրի ղեկավարը:
Նախագահի խոսքով, էապես ավելացել են կապիտալ ծախսերը` ուղղված հատկապես ենթակառուցվածքներին` ճանապարհաշինություն, ջրամատակարարում: Լուրջ հնարավորություններ կան, և արդեն բյուջեով նախատեսված է, թոշակների, նպաստների հետագա աճը ապահովելու համար:
Ռ. Քոչարյանն ասել է, որ կարվի հնարավորը, որպեսզի ավել մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն ստանան բարելավելու իրենց բնակարանային և կենցաղային պայմանները: Նախագահն ընդգծել է, որ այդ բոլոր հաջողություններում կա նաև գործարարների ներդրումը և որ այն կառավարություն-գործարար շրջանակներ գործընկերային հարաբերությունների արդյունք է:
Խոսելով հաջորդ տարվա տնտեսական ակնկալիքների մասին Նախագահն ասել է, որ հաջորդ տարի էական զարգացում է սպասվում բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռ. Քոչարյանի խոսքով, միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում են կես միլիարդ դոլարից ավելի ներդրումներ:
Նախագահն անդրադարձել է նաև խնդրահարույց հարցերի, որպես այդպիսիք նշելով հասարակության շերտերի միջև դեռևս չհաղթահարված սոցիալական բևեռացումը, մայրաքաղաքի և մարզերի զարգացման տեմպերի մեծ տարբերությունը. «Վերջին տարվա ընթացքում փորձել ենք ավելի ուշադիր լինել այդ խնդրի նկատմամբ, բավականին ծրագրեր են մշակվում այս շեղումը շտկելու համար, բայց պրակտիկ քաղաքականության առումով հաջորդ և մյուս տարիներին ներդրումների ծավալով միջոցով կփորձենք իրավիճակը զգալիորեն բարելավել: Գիտենք` ինչ պետք է անել այստեղ, ռեսուրսների հնարավորությունները դեռևս ճշգրտվում են և, կրկնում եմ, սա այն հարցն է, որ որոշակի իներցիա ունի իր մեջ ծավալների պատճառով, և չեմ կասկածում, որ այստեղ ևս առաջիկայում հաջողություններ ունենալու ենք»,- ասել է Նախագահը:
Նանխագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Ռ. Քոչարյանն անդրադարձել է նաև մենաշնորհների թեմային, նշելով, որ այս դեպքում խոսքն ավելի շուտ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասին է, որոնց գործունեության դաշտ նոր տնտեսվարողների մուտք չգործելը թևերս մրցակցության առումով հոգեբանական գործոններով է պայմանավորված, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տարվի:
«Կառավարության համար չափազանց կարևոր է լինելու այնպես անել, որ այդ տատանումները չօգտագործվեն ոչ արդար մրցակցային գործիքներ կիրառելու առումով, որ տատանումները լինեն արդարացված միայն միջազգային գների շրջանակներում և ոչ գերիշխող դիքերը օգտագործելու արդյունքում»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
Ռ. Քոչարյանը խոսել է նաև նախագահական ընտրությունների մասին: Նա վստահեցրել է, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի քաղաքական զարգացումները բացասական ազդեցություւն չունենան տնտեսական ոլորտում, նշելով, որ դրա փորձն արդեն կա:
Գործարարները Նախագահի հետ քննարկել են ոլորտին առնչվող օրենսդրությունում խաղի կանոններն առավելագույնս հստակեցնելու, տնտեսության գերակա հայտարարված ուղղությունների համար զարգացման ամբողջական մեխանիզմներ ներդնելու, պարզեցված հարկի վերջին փոփոփոխությունները փոքր և միջին գործարարների համար հնարավորինս մեղմելու, կայուն և կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն ապահովելու հետ կապված հարցեր: