ՀԱՐՑՈՒՄ.ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՊԱՑՎԱԾ ՕՂԱԿԸ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԵՆ
«Հայկական մարքեթինգի ասոցիացիա» հասարակական կազմակերպության անցկացված հարցումների արդյունքները փաստում են, որ «կաշառքի համակարգը» գործում է ԵՊՀ` 84 տոկոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` 70 տոկոս, Ֆրանսիական և Գլաձոր համալսարաններում` համապատասխանաբար 20 և 26 տոկոս: Այս արդյունքները նախօրեին ներկայացրեց ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը: Բուհից դուրս կոռուպցիան ընդունելի են համարում հարցվածների 50 տոկոսը, «երբեք» պատասխանել է 32 տոկոսը, «երբ հնարավոր չի այլ ճանապարհով հասնել նպատակին ընդունելի է»` 26 տոկոս: Կաշառք տալու անձնական փորձ ունեն ԵՊՀ-ի և ՀՊՃՀ-ի հարցված ուսանողների 15 տոկոսը, Գլաձորի համալսարանի 1 տոկոսը, իսկ Ֆրանսիական համալսարանի ուսանողների ամենևին չունեն կաշառք տալու անձնական փորձ:
Համաձայն հարցման արդյունքների, ուսանողները ամենակոռուպացված օղակն են համարում դասախոսներին` 34 տոկոս: 26 տոկոսի կարծիքով, նման օղակ չկա, իսկ 12-ը մատնանշել է ռեկտորոտը:
Կոռուպցիայի պատճառների շարքում 35 տոկոսը նշել է դասախոսների ցածր աշխատավարձը, 16 տոկոսը անձնական որակները, 11 տոկոսը` անպատժելիությունը: Կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների մեջ հարցվածների 58 տոկոսն արդյունավետ է համարել տվյալ անձին աշխատանքից հեռացնելը, տուգանքի կողմնակից են 42 տոկոսը, իսկ «հրապարակային պարսավանք» տարբերակին կողմ է եղել 36 տոկոսը:
Հարցին, թե ով պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, հարցվածների 23 տոկոսը նշել է կառավարությունը, ԿԳՆ նշել է 22, իսկ դասախոսական կազմը 12 տոկոսը: Հատկանշական է, որ ուսանողների միայն 5 տոկոսն է իրեն համար Կոռուպցիայի դեմ պայքարի օղակ:
Նշենք, որ հարցումը անցկացվել է 1500 ուսանողների շրջանում, իսկ բուհական համակարգում պայքարի գործիքների մշակման համար հարցախույզ էր կատարվել 30 փորձագետների հետ: Նախնական տվյալներով փորձագետները նշել են, որ հարկավոր է իրազեկել ուսանողներին, որ կաշառք տալը և վերցնելը հանցագործություններ են, հաջորդ գործիքը, փորձագետների կարծիքով, վերահսկողության խստացումն է: Պայքարի գործիքների շարքում նշվել է նաև անվճար տեղերի կրճատման մասին, ինչի արդյունքում, ըստ փորձագետների, կբարձրանան դասախոսների աշխատավարձերը: Նշենք, որ հարցախույզը կատարվել է այս տարվա մարտից: