ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆՆ ԻԲՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԾԵԾԿՌՏՈՒՔԻ
Այս տարվա մայիսին մահացած Երևանի «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լևոն Գուլյանի գործով քննությունն առայժմ որևէ արդյունք չի տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, դեկտեմբերի սկզբին քննությունը փոխանցվել է քննչական հատուկ խմբին, սակայն մինչ օրս ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ պարզվել է մեղավորների ով լինելը:
Ավելին, Ավետիք Իշխանյանի տեղեկացմամբ, Լևոն Գուլյանին փորձում են վերագրել ակտիվ մասնակցություն այն կռվին, որը նրա մահվանից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել իր տնօրինած ռեստորանի բակում: Իրավապաշտպանը գտնում է, որ այդպիսով քննությունը կարող է գործը հեշտությամբ տանել իրեն ցանկալի հունով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության հաղորդմամբ, Լևոն Գուլյանը մայիսի 12-ին «ընկել է Երևանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի պատուհանից և տեղում մահացել»: Աղբյուրի հաղորդմամբ, Գուլյանը կանչվել էր քննչական վարչություն Ստեփան Վարդանյանի մայիսի 9-ին «Պանդոկ» ռեստորանի հարևանությամբ տեղի ունեցած սպանության գործով: «Քննության ընթացքում Գուլյանը վարչության աշխատակցից մի բաժակ ջուր է խնդրել, և օգտվելով վերջինիս բացակայությունից, փորձել է փախուստի դիմել: Սայթաքելով, նա ընկել է 2-րդ հարկից և ստացած վնասվածքներից տեղում մահացել»,- հաղորդել էր ոստիկանությունը: