ՑՐՏԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՎՐԱ
Կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, այսօր հանրապետության այն դպրոցներում, որոնք լոկալ ջեռուցման համակարգեր ունեն, դասերը սկսվել են: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից: Վերջինի տեղեկացմամբ, հանրապետության տարբեր մարզերում լոկալ ջեռուցման համակարգ չունեցող դպրոցներում դեկտեմբերի 24-ին սկսված արձակուրդները կավարտվեն հունվարի 13-ին կամ 20-ին: Վարչության պետի խոսքով, այն դպրոցները, որոնք չունեն լոկալ ջեռուցման համակարգ, աշնանային և գարնանային արձակուրդ չունեն, քանի որ դրանք գումարվել են ձմեռային արձակուրդներին:
Ա.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ցրտերի պատճառով ձմեռային արձակուրդների երկարացման մասին որոշում առայժմ չկա:
Նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 11-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 10-ից 23-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, դեկտեմբերի 24-ից հունվարի 20-ը ներառյալ, մարտի 10-ից 23-ը ներառյալ: Իսկ 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար աշնանային արձակուրդները` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային` դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը ներառյալ, գարնանային` մարտի 17-23-ը ներառյալ: