ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱ ԱՐՅԱՆ 15 ՀԱԶԱՐ ԴՈՆՈՐ
Այսօր պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնում բացվեց հանրապետության միակ Արյան բանկը: «Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ այս կենտրոնն իրենց իսկ օգտին է գործելու: Նշեմ, որ Արյան բանկում պահվող և ներարկման պատրաստ արյունն անվտանգ է վարակների տեսակետից»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով, մեր երկրին անհրաժեշտ է նման կենտրոնները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից լաբորատոր սարքավորումներով և կհամապատասխանեն միջազգային բոլոր չափանիշներին: Ինչպես նշեց Ս. Դաղբաշյանը, ներկայում հանրապետությունում կա շուրջ 15 հազար դոնոր, որոնց 7 տոկոսը համարվում է կամավոր-անվարձահատույց: Նրանց հիմնական մասը երիտասարդներ են:
«Սա վատ ցուցանիշ չէ, բայց դոնորական արյան պահանջը լիովին բավարարելու համար անհրաժեշտ է, որ բնակչության 2%-ը լինի արյան դոնոր»,-նշեց կենտրոնի տնօրենը: Նրա հավաստմամբ, դոնորական բաժինն ի վիճակի է սպասարկել դոնորների Հայաստանի ողջ տարածքից, որոնց արյունը կհետազոտվի ժամանակակից լաբորատորիայում: Իսկ ինչ վերաբերում է դոնորների վարձատվությանը, ապա ըստ նրա. «Հիմնականում նրանց ապահովում են ճանապարհածախսով ու անհրաժեշտ սննդամթերքով»:
Նշենք, որ արյան դոնոր հանդիսանալու համար քաղաքացին անցնում է պարտադիր բուժզննում` մասնավորապես թերապևտիկ բնույթի: Դոնորներից առանց կյանքի և առողջության վտանգի միանգամից կարելի է վերցնել 450 մլ արյուն, իսկ բուն գործողությունը կարելի է իրականացնել տարին 1-2 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան