2007-Ի ԳՆԱՃԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵԼ Է
2007թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.5% գնաճ: Ըստ ԿԲ մամուլի ծառայության հաղորդման, 12-ամսյա գնաճը կազմել է 6.6%` շուրջ 1.0 տոկոսային կետով գերազանցելով նպատակային թիրախի վերին սահմանը:
ԿԲ խորհուրդը տարեվերջյան նիստում հաստատեց, որ չորրորդ եռամսյակի վերջում արտաքին միջավայրի գնաճային ճնշումները պահպանվել են` չնայած նավթի և պարենային ապրանքների գների գծով արձանագրված որոշակի կայունացմանը: Ներքին միջավայրի ազդեցությունը նախատեսվածից ավելի փոքր գնաճային ճնշումներ է ստեղծել, քանի որ մասնավոր սպառման բարձր աճի տեմպերի պահպանումը մասամբ չեզոքացվել է ավելի պակաս ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ:
ԿԲ խորհուրդը համակարծիք է եղել, որ արտաքին գնաճային ճնշումները կանխատեսվող ժամանակահատվածում շարունակելու են արտահայտվել, սակայն արտաքին միջավայրում անսպասելի ցնցումների բացակայության պարագայում ավելի մեղմ են լինելու, քան անցած ժամանակահատվածում էր: Ներքին միջավայրի զարգացումները, մասնավոր սպառման բարձր աճի միտումների շարունակման սպասումների պայմաններում, էապես կախված կլինեն նաև բյուջետային ծախսումների վարքագծից:
Առաջիկա ամիսների ընթացքում և' ներքին, և' արտաքին միջավայրի գնաճային ճնշումների չթուլացման պարագայում խորհուրդը հետևողական է լինելու տոկոսադրույքների ճշգրտման ուղղությամբ: Նշենք նաև, որ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` սահմանելով այն 5.75%: