ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍ
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսում խորջրյա գիտափորձի մասնակիցներ Արթուր Չիլինգարովին, Անատոլի Սագալևիչին և Եվգենի Չերնաևին: Նախագահի հրամանագրիի համաձայն, այդ կոչումները նրանք ստացել են «էքստրեմալ պայմաններում ցուցաբերած արիության և հերոսության ու հյուսիսօվկիանոսյան խորջրյա գիտարշավի հաջող անցկացման համար»:
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ռուսների գիտարշավը տեղի է ունեցել 2007թ. ամռանը: Գիտնականները որոշել էին ուսումնասիրել հյուսիսային օվկիանոսի շելֆը, որպեսզի ապացուցեն, որ Ռուսաստանն այն շահագործելու բացառիկ իրավունք ունի: Օգոստոսի սկզբին խորջրյա մեխանիզմներն իջեցվել էին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի խորքերը և այնտեղից վերցրել են գրունտի նմուշներ: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են դրանք և ՄԱԿ-ի դատական հանձնախմբին ներկայացնելու համար փաստաթղթեր են պատրաստում:
Սեպտեմբերին նյութերի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ Լոմոնոսովի լեռնաշղթան և Մենդելևի բարձունքը հանդիսանում են Ռուսաստանի մայրցամաքային շելֆի շարունակությունը: Աշխատանքի ընթացքում, բևեռախույզները Հյուսիսային բևեռի շրջանում իջել են օվկիանոսի խորքը և այնտեղ տեղադրել Ռուսաստանի դրոշը:
«Ռուսաստանը և նրա կողմնակիցները հիացմունքով էին խոսում Հյուսիսային բևեռում «Արկտիկա 2007» եզակի գիտափորձի մասին»,-ասել է պատգամավոր և բևեռախույզ Չիլինգարովը: Ազգությամբ հայ բևեռախույզի կարծիքով, Հյուսիսային բևեռը միշտ էլ եղել է ռուսական և կմնա այդպիսին: Նրա խոսքով, այդ գիտափորձը իր համար եղել է ամենավտանգավորը: Դրան մասնակցել է 350 մարդ` նավաստիներ, գիտնականներ, օդաչուներ: «Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, ապա թող իջնեն 4300 մետր խորության վրա և փորձեն այնտեղ ինչ-որ բան տեղադրել»,-ասել է նա:
Նկատենք, որ փորձագետների գնահատմամբ, Հյուսիսիային բևեռի սառցե ծածկի տակ է գտնվում նավթի և գազի համաշխարհային պաշարների ավելի քան 20 տոկոսը: