ՓԱԹԵԹԸ ԲԱՑԵԼ ԵՆ
«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունվարի 16-ին: Այս մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ հայտարարված միջազգային մրցույթի պայմաններին համաձայն հունվար 8-ին բացվել է միակ հավակնորդ` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացրած ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Նախարարի խոսքով, ռուսական ընկերությունը կոնցեսիոն կառավարման համար Հայաստանի պետական բյուջե պետք է վճարի 1.7 մլրդ դրամ: «Դա լավ առաջարկ է, և մենք սկսել ենք քննարկել այն»,-ավելացրեց նախարարը:
Դեկտեմբերի 21-ին «Ռուսական երկաթուղիներ»-ը հրապարկել է իր առաջարկը, համաձայն որի, այն պատրաստվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում ներդնել 570 մլն դոլար, որից 230-ը նախատեսվում է ներդնել առաջիկա 5 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, ներդրումների չափը կարող է հասնել մինչև 2.19 մլրդ դոլարի: Կոնցեսիոները պետք է պետբյուջե վճարի իր տարեկան շրջանառության 2 տոկոսը:
Հիշեցնենք, որ հայկական ընկերությունը կոնցեսիոն կառավարման վերցնելու հայտ էին ներկայացրել երկու ընկերություն: Մյուս հավակնորդ հնդկական Rail India Technical and Economic Services ընկերությունը դեկտեմբերին հետ է վերցրել հայտը:
«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ տրանսպորտի և կապի նախարարությունը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր միջազգային մրցույթ: Դեկտեմբերի 21-ին մրցույթի նախաորակավորման փուլ անցած այս երկու կազմակերպությունները ներկայացրել էին իրենց մրցույթային փաթեթը: «Հայկական երկաթուղին» մրցույթում հաղթողին կոնցենսիոն կառավարման կհանձնվի 30 տարի ժամկետով: Հաղթող ընկերությունը պայմանգրրի ժամկետը կարող է երկարացնել 20 տարով: