ԿԻՆՈՆ, ԹԱՏՐՈՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՏԱՐՕՐԻՆԱԿ» Է
«Միայն Հայաստանում է, որ թատրոնը և կինոն ունեն մեկ հանձնաժողով և մեկ մրցանակ, բայց չէ՞ որ թատրոնն ուրիշ արվեստ է, կինոն` ուրիշ»,-այսօրվա ասուլիսում ասաց Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նրա խոսքով, իրենք վաղուց դիմել են, որ այդ մրցանակները տարանջատեն իրարից:
«Ինչ-որ մեկը մի սխալ օրենք է ընդունել, և այժմ անհնար է դա ուղղել: Այդ տարօրինակ հանձնաժողովում հավաքված են մարդիկ, ովքեր իրավունք չունեն գնահատել այս կամ այն արվեստագետին, քանի որ իրենք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում»,-նշեց Ռ. Գևորգյանցը: Նա չցանկացավ կոնկրետ անուններ հրապարակել, բայց և այնպես նշեց Զավեն Բոյաջյանի անունը: «Նա կինոգետ չէ: Ինտերնետից նյութեր է հանում, թարգմանում հայերեն, և դա հրամցնում է մեզ: Կինոգետ է այն մարդը, ով հոդվածներ է գրում, վերլուծություններ անում»,-մանրամասնեց նա: Ինչպես նշեց կինոմատոգրաֆիստների միության նախագահը, մենք ունենք այնպիսի մարդիկ, ովքեր պետք է ներգրավված լինեն այդ հանձնաժողովի մեջ` Գարեգին Զաքոյան, Դավիթ Մուրադյան և ուրիշներ: «Հանձնաժողովի անդամը պարտադիր չէ, որ լինի կինոգետ, կարող է լինի գրող, թատերագետ, բայց պետք է կարողանան գնահատել արժանին»,-նշեց բանախոսը:
Նշենք, որ արդեն երրորդ տարին է, որ ոչ կինոն, ոչ թատրոնն ոչ մի մրցանակ չեն ստացել:
Ասուլիսին ներկա նկարիչների միության անդամ Կարեն Աղամյանը նշեց, որ իրենց մոտ սխալ է մրցանակի ներկայացման գործընթացը: «Նկարիչերի միությունն ընդգրկում է յոթ հարյուր անդամների, որոնք բաժանված են սեկցիաների` գեղանկարիչներ, գրաֆիկներ: Ամեն մի սեկցիա ընտրում է լավագույնին, հետո ներկայացնում վարչությանը, որոնք քվերակելուց հետո, ընտրելով լավագույնին, ներկայացնում են նախագահական հանձնաժողովին»,-ասաց Կ. Աղամյանը: Նա նշեց, որ «ոչ»-ի արժանացած անդամներն էլ իրավունք ունեն իրենց ներկայացնելու մրցանակի: «Ի զարմանս մեզ, հաճախ նրանք են արժանանում մրցանակի»,-ասաց նա:
Նշենք, որ այս տարի մրցանակի է արժանացել Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը, ում նկարիչների միությունը չէր ներկայացրել: «Նա, իրոք, արժանի էր»,-նշեց Կ. Աղամյանը:
Սակայն միությունների նախագահների խոսքով, իրենք թեկնածուներին պետք է ներկայացնեն հանձնաժողովի անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում