ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
Հունվարի 14-20-ը Ալմա Աթայում ֆիզմաթ և մաթեմատիկայի դպրոցների աշակերտների համար կանցկացվի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան:
ԿԳՆ հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ալմա Աթայի պետական ֆիզմաթ դպրոցը հրավիրել է ԿԳՆ ենթակայության տակ գտնվող Երևանի ֆիզմաթ դպրոցին:
Ըստ Ն. Մանուկյանի հաղորդած տվյալների, Երևանի ֆիզմաթ դպրոցից մասնակցելու է 5 աշակերտ: Երևանի ֆիզմաթ դպրոցն այս օլիմպիադային արդեն 3-րդ անգամ է մասնակցում:
Օլիմպիադային մասնակցելու է 16 երկրի մասնագիտացված դպրոցներից 41 թիմ, որոնցում ընգդրկված է 200 դպրոցական: Նա տեղեկացրեց, որ մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և այլ երկրների դպրոցները: Ժյուրիի կազմում ներկայացված են Հայաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի մասնագետները: Նշենք, որ 2007 թվականի այս օլիմպիադայի գլխավոր մրցանակին է արժանացել Ռումինիայի թիմը: