ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին այցելել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ` ծանոթանալու իր կողմից 2007թ. նոյեմբերի 16-ի N 797-Ա որոշմամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքին և խորհրդակցություն անցկացնելու մետրոպոլիտենի «2008-2012թթ. բարելավման միջոցառումների ծրագրի» վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ խորհրդակցություն անցկացնելը, վարչապետն այցելել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Երիտասարդական», «Բարեկամություն» կայարաններ, ծանոթացել առկա խնդիրներին, այդ թվում` ջրահեռացման, շարժասանդուղքների մեքենայական սրահում դիտել է ընթացող վերանորոգման աշխատանքները, ծանոթացել ռելեային տեղամասի խնդիրներին և այցելել մետրոպոլիտենի վերգետնյա տնտեսության կապի մասնաշենքի գլխավոր կարգավարական ծառայություն:
Խորհրդակցության ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը զեկուցել է մետրոպոլիտենում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ներկայացված խնդիրները վարչապետը քննարկել է խորհրդակցության մասնակիցների հետ` ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել մետրոպոլիտենը դարձնելու մրցունակ և տրանսպորտային այդ միջոցից օգտվողների համար հաճելի ու ավելի հարմարավետ: Նա կարևորել է զարգացման ծրագրի նախապատրաստման շուրջ լուրջ աշխատանքներ իրականացնելու հարցը` նշելով, որ մետրոպոլիտենի առաջին անհրաժեշտության ծախսերը կառավարությունն իր առաջիկա նիստերից մեկում` մինչև հունվարի վերջը, կհաստատի: Վարչապետի վստահեցմամբ, հաստատվելիք միջոցները հետագա տարիների պետական բյուջեներում չեն պակասեցվի` սա չի համարվում միանվագ աջակցություն: Իրականացվող ծախսերի 2/3-րդը, ըստ վարչապետի, հոգալու է պետությունը, իսկ 1/3-ը` մետրոպոլիտենը պետք է իրականացնի իր շահույթների հաշվին:
Նշենք, որ նոյեմբերի 16-ի N 797-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է կազմակերպել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գործունեության և տնտեսության առկա իրավիճակի (ենթակառուցվածքների, տեխնիկական շահագործման և անվտանգության, շարժակազմի) ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկությունների փաթեթ` Երևանի մետրոպոլիտենի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան