ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՄՆ-ը խրախուսում է Թուրքիային օգտագործել պատմական հնարավորությունը և բացել Հայաստանի հետ սահմանները: Այս մասին այսօր Երևանում, ելույթ ունենալով «Ընդլայնված Սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային գիտաժողովում, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: «Այո, Թուրքիան Հայաստանի առաջ որոշակի նախապայմաններ է դրել հարաբերությունների կարգավորման համար, բայց ԱՄՆ-ը հույս ունի, որ դրանք կհանվեն»,- հավելեց նա: Բրայզայի խոսքով, հայկական կողմը նույնպես կարող է որոշակի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` «ընդունել Հայաստանի սահմաններն այնպես, ինչպես այսօր է»: Ամերիկացի միջնորդը վստահ է, որ երկու կողմերն էլ` Հայաստանը ու Թուրքիան, կարող են հանգիստ համաձայնության գալ մի քանի հարցերի շուրջ և ԱՄՆ-ը դա խրախուսում է:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանը, և Թուրքիան նույնպես ցանկանում է տեղաշարժ տեսնել այս հարցում»,-ասաց Բրայզան:
Անդրդառնալով բուն բանակցային գործընթացին ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ, Բրայզան հայտնեց, որ բանակցությունները գտնվում են շատ կարևոր փուլում, երբ եկել է ժամանակը, որպեսզի նախագահները մանրամասն ուսումնասիրեն իրենց Մադրիդում ներկայացված փաստաթուղթը: Նրա խոսքով, դեռևս պետք չէ հաստատել համաձայնության ժամկետները, քանի որ Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում:
Բրայզան փաստեց, որ կողմերը նոր ոգով են աշխատում չհամաձայնեցված հարցերի շուրջ: «Միաժամանակ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում արգելքներ ստեղծել բանակցային գործընթացը դանդաղեցնելու համար: Երկու կողմերն էլ անկեղծ փոխանակում են իրենց կարծիքները, միմյանց իրազեկում են` ինչ է հարկավոր համաձայնությանը հասնելու համար»,-եզրափակեց ամերիկյան համանախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան