ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մտավոր սեփականության վերաբերյալ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին: Հայաստանում գործող օրենքներն արդեն չեն համապատասխանում դրանց: Այսօր գործադիրի հերթական նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:
Նրա խոսքով, ներկայիս իրավական նորմերի համաձայն, գյուտարարներին արտոնագիր է տրվում բարդ ընթացակարգով, իսկ փոփոխությունների արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գիտատար ոլորտում ներդրումների համար: Այսօրվա նիստում ելնելով դրանից, գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Ինչպես հայտնեց գործակալության պետը, առաջարկված փոփոխություններով նախատեսվում է գյուտարարներին արտոնագիր տրամադրել պարզեցված ընթացակարգով և 20 տարի ժամկետով: Փոփոխությունների համաձայն, ինչպես սահմանում է եվրոպական օրենսդրությունը, գյուտի բովանդակությունը պետք է գաղտնի պահվի մինչև 18 ամիս: Մինչդեռ հայաստանյան ներկայիս օրենսդրության համաձայն, գործակալությունը պարտավոր է 1-2 ամսվա ընթացքում հրապարակել գյուտի բովանդակությունը: «18 ամիսը բավական է, որ հեղինակը որոշի իր գյուտի հետագա ճակատագիրը, ինչպես նաև արտասահմանում կարողանա ձեռք բերել արտոնագիր, ինչը հազվադեպ է լինում և ոչ համարժեք գնով»,-ասաց Ա. Ազիզյանը:
Ի դեպ, փոփոխություններով սահմանվում է նաև ապացույցներ ներկայացնել գործակալությունը, որ գյուտը նոր է և ունի գյուտարարական մակարդակ:
Փորձաքննություն անցկացնելու համար գործակալությունը պայմանագիր է կնքել Մոսկվայում գործող միջազգային մի ընկերության հետ, հակառակ դեպքում մեր գյուտերը չեն ընդունվի միջազգային հանրության կողմից: «Ըստ պայմանգրի մենք վճարելու ենք գումարի 10 տոկոսը: Մեկ փորձաքննության միջին աժեքը 2000 դոլար է»,-ասաց նա:
Արտոնագրերի համար սահմանված տուրքի չափերը չեն փոփոխվել` մեկ գյուտի համար հեղինակը պետք է վճարի 8750 դրամ, որի հիմնական նպատակը մտավոր սեփականության իրավունքերի պաշտպանությունն է:
Ի դեպ, գործակալության պետի խոսքով, յուրաքանչյուր տարի արտոնագրի համար հայտ է ներկայացնում 200 գյուտարար, սակայն դրանց միայն փոքր տոկոսն է ներդրվում այս կամ այն արտադրությունում: Գյուտերի հիմնական մասը բնական գիտությունների ոլորտի վերաբերյալ են: 2007-ի ընթացքում ստացվել է 138 հայտ, իսկ 2006-ին` 2014 հայտ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան