ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ
«Ընտրախախտումների մասին որոշ տեղեկություններ արդեն իսկ ունենք»,-այսօր ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ով ղեկավարում է 2008 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում հնարավոր ընտրախախտումները կանխարգելելու, դրանց օպերատիվ կերպով արձագանքելու և համարժեք իրավական գնահատական տալու նպատակով գլխավոր դատախազի հրամանով կազմավորված նորաստեղծ աշխատանքային խումբը: «Դրանք ամփոփվել են և հիմնականում ընդհանրական բնույթ ունեն»,- ավելացրեց նա:
Ա. Թամազյանի խոսքով, «հայտարարություններում միայն տեղեկացվում է, օրինակ, որ «կաշառք է բաժանվում», սակայն չի նշվում ո'չ հասցե, ո'չ բաժանողի անուն, ո'չ էլ մեկ այլ կոնկրետ հանգամանք»: Գլխավոր դատախազի տեղակալը հորդորեց` ընտրախախտումների, ընտրակաշառքների մասին տեղեկություններ ներկայացնել, հնարավորինս փաստացի հանգամանքներով: «Կխնդրեի, որ ավելի առարկայական լինեն հայտարարությունները, որպեսզի հնարավոր լինի կոնկրետ մոտեցում ցուցաբերել: Այս պարագայում ոչինչ չենք կարող ձեռնարկել: Քրեական գործ հարուցելու համար պետք է լինի առիթ և հիմք, առայժմ նման բան չկա»,-ավելացրեց Ա. Թամազյանը:
Իսկ չունե՞ն արդյոք մտավախություն, որ կեղծ ահազանգերի պատճառով կտուժի հիմնական գործը, հարցին էլ գլխավոր դատախազի տեղակալը պատասխանեց` վստահեցնելով, որ համապատասխան փորձառությունը թույլ չի տա շեղվել հիմնական պարտականություններից: «Համապատասխան մարմիններն անպայման կկողմնորոշվեն և հիմնական աշխատանքը երբեք չի տուժի»,-խոստացավ նա:
«Ցանկացած հաղորդում հայտարարւոթյուն անպայման քննարկման առարկա է դառնալու»,- ասաց պրն Թամազյանը և տեղեկացրեց, որ մեր Ընտրական օրենսգիրքը, բարեփոխումներից հետո, ընտրախախտումների համար նախատեսում է բավականին լուրջ պատիժներ, որոշ դեպքերում, ընդհուպ մինչև 10-ը տարի ազատազրկում: