ՆՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ Ա. ԳԵՂԱՄՅԱՆԸ ԼՍԵԼ Է ՆԱԵՎ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐԻՑ` ՀԱՅ ԴԱՏԸ ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ
«Ես ոչ թե ընդդիմադիր թեկնածուների կողմից եմ քննադատության ենթարկվում, այլ մեր ժողովրդին ընդդիմադիր հանդիսացող անհատների, որոնք սարսափում են, երբ ես ճշմարիտ գնահատականներ ու բնութագրականներ եմ ներկայացնում հանդիպումների ժամանակ»,- անդրադառնալով քարոզարշավի ժամանակ իր հասցեին հնչող քննադատություններին Panoarama.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը: Ա. Գեղամյանն ասում է, որ իրեն քննադատողները չունեն իր ասածները հերքելու փաստարկ և դիմում են զազրախոսության, լուտանքների, վերջերս էլ նախագահի թեկնածուի խոսքով, «հնարամտությունները հասցրել են այն մակարդակի, որ փորձում են սպառնալիքների լեզվով խոսել հետը, մոռանալով, որ իր պարագայում դա պարապ զբաղմունք է ու ճիշտ հակառակ արդյունքի կհասնեն»:
«Ի տարբերություն այդ թեկնածուների ես ավտոշարասյունով հանդիպումների չեմ գնում ու երբեք ականատեսը չեք լինի, որ եթե 500 հոգի եկել է հանդիպման, ապա կեսը Երեւանից գնացածներ են: Իսկ նրանք իրենց հետ տարածների առաջ կրքոտ, բոցաշունչ ելույթ են ունենում»,-նշեց Արտաշես Գեղամյանը: Նա կարծում է, որ այդ մարդկանց նյարդերը տեղի են տալիս, քանի որ գիտակցում են իրենց քաղաքական սնանկությունը: Ա. Գեղամյանը, թեև փորձում է հասկանալ այդ մարդկանց հոգեվիճակը բայց, ասում է, որ ավաղ, ոչնչով օգնել չի կարող:
Իր հասցեին հնչեցրած արտահայտությունները Արտաշես Գեղամյանը լսել է հեռուստատեսությամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող Արամ Սարգսյանից և դրանց այսպիսի մեկնաբանություն է տալիս. «Մարդիկ հասկացան, որ իրենց թեկնածուն հեղինակություն չի վայելում ու առաջիկա ընտրություններում որեւէ արդյունքի հասնելու զրոյական շանսեր ունի: Ուստի, զինանոցից հանեցին փորձված միջոցը, միջոց, որ կիրառվել էր դեռ 1996 թվականին, երբ ժողովրդի դեմ տանկեր հանեցին, զրահամեքենա, երբ բացահայտորեն ասացին, որ 700 մարդ էլ գետին կփռեն»:
Գեղամյանն ուշագրավն այն է համարում, որ նման սպառնալիքներ իր հասցեին հնչել են նաև բարձր` օրինակ, ԵԽԽՎ ամբիոնից, որտեղ պաշտպանել է Հայ Դատը: «Բայց որքան շատ էին թուրք- ազերիական սպառնալիքները, այնքան ավելի կոշտ էին լինում իմ հաջորդ ելույթները»,- ասում է ԱՄ նախագահը:
«Սպառնալիքի լեզվով ինձ հետ խոսելը ճիշտ հակառակ արդյունքի կհանգեցնի: Եթե ուզում են ժողովրդի վզին փաթաթել ծեծուջարդի, մահվան սպառնալիքով քաղաքական արդյունքի հասնելու ավանդույթը, ապա սթափեցնեմ, որ դա դատապարտված է»,-հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում