«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԵՆ»
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում այսօր հրապարակած տվյալների, 2007 թվականին հանրապետությունում գրանցվել է 8428 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 1329-ով պակաս է:
Սակայն, ինչպես նշեց գլխավոր դատախազը. «ՀՀ ոստիկանության համակարգում, մեղմ ասած, նվազեցված տեղեկություններ են տրամադրում հանցագործությունների մասին»: Նա ավելացրեց, որ այդ կապակցությամբ 2 անգամ գրություն է ուղարկել ոստիկանապետին, որից հետո պարզվել է, որ հաշվառման չի ներկայացվել 1135 հանցագործության դեպք:
Այսպիսով, ներկայացված թվից հանելով 1135-ը, որը հաշվառված չի եղել ոստիկանությունում, ստացվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է ընդամենը 194-ով: Սա, ըստ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, տեղի է ունենում այսպես.«տուժողը հրաժարվում է մեղադրանք ներկայացնելուց և քրեական գործ չի հարուցվում և դեպքն էլ որպես հանցագործություն չի հաշվառվում»: Իսկ արդյունքում ստացվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է: Աղվան Հովսեփյանի խոսքով, նվազագույնը, ինչին կարող է հանգեցնել այս երևույթը, դա հետագայում նույն մարդկանց կողմից հանցագործություն կատարելու դեպքում, առնվազն նրան բնութագրող իրական տվյալներ չունենալն է:
Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, 2006-ի համեմատ 2007-ին 27-ով աճել է առանձնապես ծանր հանացագործությունների թիվը: Գրանցվել է 71 սպանության և 28 սպանության փորձի դեպք. սպանությունների թիվը նվազել է, իսկ փորձինը` աճել:
Աճ է գրանցվել թմրամոլության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով: Ավելացել են նաև մաքսանենգության դեպքերը:
Դատախազությունում անհանգստացնող են համարում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճը: Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 2006-ին տեղի է ունեցել 106 հանցագործություն, իսկ 2007-ին 21-ով ավելի:
Որպես դրական ցուցանիշ նշվեց, որ տարվա ընթացքում բացահայտվել է թմրամոլության 127 դեպք ավելի քան նախորդ տարում /1084-957/, որից միայն 90-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն են:
Ընդհանուր առմամբ, 2007 թվականի բացահայտման ցուցանիշը կազմել է 75,6%:
Հանցագործությունների 12,6 %-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին: