ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 19.7 ՏՈԿՈՍՈՎ
Հայաստանի հիմնական կապիտալում ներդրումների ծավալի աճը 2007թ. կազմել է 19.7 տոկոս: ԱՊՀ-ում այս ցուցանշի միջինն աճել է 20 տոկոսով: Երկրի հիմնական կապիտալում ներդրումների ծավալը նախորդ տարվա ընթացիկ գներով հասել է 667 մլրդ դրամի: Այս մասին հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն:
Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում հիմնական կապիտալում ներդրումների ծավալի առավելագույն աճ է գրանցվել Տաջիկստանում` 103.6 տոկոս: Նրան հետևում են Ռուսաստանը` 21.1 տոկոս, Մոլդովան` 19.9 տոկոս, Ադրեբջանը` 17.8 տոկոս, Բելառուսը` 15.1 տոկոս, Ղազախստանը` 8.2 տոկոս, Ղրղզստանը` 3.7 տոկոս: Ուզբեկստանի և Ուկրաինայի դեպքում տվյալները վերաբերում են 2007թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածին: Այս երկրներում ներդրումներն աճել են համապատասխանաբար` 31.3 և 28.5 տոկոսով: Վրաստանի և Թուրքմենստանի դեպքում տվյալները բացակայում են:
Համագործակցության վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՊՀ անդամ որոշ երկրներում նկատվել է ներդրումային գործունեության հետագա ակտիվացում: Հիմնական կապիտալում ներդրումների աճի տեմպը շարունակում է գերազանցել ՀՆԱ-ի աճին: Բոլոր երկրներում բնակարանային շինարարության ծավալներն աճել են:
Վիճակագրական կոմիտեն ընդգծում է, որ ներդրումների աճին նպաստել է բանկային վարկավորումների ծավալների ու ժամկետների ավելացումը: Համագործակցության երկրների մեծ մասում երկարաժամկետ վարկավորումը կարճաժամկետ վարկավորման նկատմամաբ աճել է առաջանցիկ տեմպով: Որոշ երկրներում ներդրումային գործունեության ակտիվացման գործում էական ազդեցություն են ունեցել օտարերկրյա ներդրումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան